Արցախի պետական համալսարան

Armen Sargsyan3.11.2019Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում Արցախի մայր բուհի 50-ամյա տարեդարձի առթիվ։ Մայր բուհը իր կեսդարյա պատմության ընթացքում մշտապես եղել եւ մնում է Արցախի  հիմնասյուներից մեկը՝ որպես գիտակրթական խոշորագույն հաստատություն նպաստելով մեր նորանկախ հանրապետության պետականաշինությանը։

Հետադարձ հայացք ձգելով բուհի պատմության ակունքներին՝ վստահաբար կարող ենք ասել, որ այն խիզախումների մի ուրույն ուղի է անցել:

Ուղի, որը լի էր ազգային ինքնության, ազգային արժեքների պահպանման և պատմական արդարության հաստատման համար պայքարով։

Արցախյան շարժման սաղմնավորումից մինչև ընդհատակյա պայքար, զանգվածային հանրահավաքներից մինչև ազատագրական պատերազմ, հետպատերազմյան դժվարությունների հաղթահարումից մինչև տնտեսության և պատերազմից տուժած մյուս ոլորտների վերականգնում, ապրիլյան պատերազմից մինչև երկրի սահմանների ամենօրյա պաշտպանություն. մեր երկրի համար վճռորոշ այս և շատ ու շատ ուղղություններում մայր բուհը իր անուրանալի ավանդն է ունեցել և ունենում, որի համար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հպարտանալու լիարժեք իրավունք ունի։

Հպարտանալու առիթ է նաեւ այն փաստը, որ Արցախի մայր բուհի շրջանավարտները աշխատում են մեր երկրի ամենապատասխանատու պաշտոններում՝ իրենց գիտելիքները ծառայեցնելով ի նպաստ հայրենիքի ու նրա բարգավաճման։

Սիրելի՛ ուսանողներ, մայր բուհի 50-ամյակին նվիրված, ի թիվս մյուս միջոցառումների, ուզում եմ առանձնահատուկ կարևորել այս գիտաժողովը, որը նպատակ ունի բացահայտել գիտական ներուժ ունեցող երիտասարդներին և Արցախում գիտության շուրջ համախմբելով նրանց՝ նոր գաղափարների ու ձեռնարկումների հղացում տալ։ Արցախը աշխարհին պետք է ճանաչելի դառնա նաեւ գիտության միջոցով։ Երբ մեր հարևան երկիրը պետական քարոզչամեքենայով լծված է պատմական փաստերի կեղծմանն ու խեղաթյուրմանը, գիտությունը ակադեմիական ազնվություն ունեցող հետազոտողների կարիք ունի, ովքեր ի լուր աշխարհի կփաստեն պատմական ճշմարտություններ։ Երիտասարդությունն է այն շարժիչ ուժը, որը նպատակասլացության ու համառ կամքի, ստեղծարար մտքի և աշխատասիրության շնորհիվ կարող է գերազանցել ավագ սերնդին, որովհետև ամեն մի նոր սերունդ իր հաղթանակն է ունենում, իր հաղթանակն է տալիս մարդկությանը։   Համոզված եմ, որ այս գիտաժողովի արդյունքում մենք կունենանք գիտահետազոտական այնպիսի աշխատանքներ, որոնք կիրառական նշանակություն կունենան տարբեր ոլորտներում։ Վստահեցնում եմ, որ կեսդարյա պատմության ընթացքում ձևավորված բարի ավանդույթները կպահպանենք և, պահպանելով ավանդույթները, բուհի կենսագրությունը կհարստացնենք նորարարությամբ` ստեղծելով ժամանակակից պահանջներին համահունչ կրթական համակարգ: Համոզված եմ, որ այս գիտաժողովը նոր շունչ կհաղորդի Արցախի գիտակրթական կյանքին: Գիտաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք։