Նոյեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Դասախոսության թեման էր «Հեղափոխության տեսությունը, տեսակները և հետևանքները», որին ներկա էին ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Պրոռեկտորը ողջունել է հյուրին, շնորհակալություն հայտնել համալսարան այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար՝ կարևորելով Կովկասի ինստիտուտի ակտիվ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Ալեքսանդր Իսկանդարյանը ներկայացրել է «Հեղափոխություն» եզրույթի ծագումը, կիրառումը, համեմատել ռեֆորմի հետ՝ ընդգծելով նմանություններն ու տարբերությունները:
Նա նշել է, որ տարբեր մասնագետներ տարբեր կերպ են ընկալում և բացատրում հեղափոխությունը: «Հեղափոխություն ասելով մեր օրերում, ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ մարդկային գործունեության մնացած ոլորտներում, հասկանում ենք արմատական և որակական փոփոխություններ, մի վիճակից անցումը բոլորովին նոր` նախորդից էականորեն տարբերվող կարգավիճակի»,- ասել է քաղաքագետը:
Քաղաքագետը նաև շեշտել է, որ հեղափոխության համար կան պարտադիր հանգամանքներ, որոնցից ամենակարևորը ժողովրդավարության որոշակի աստիճանի առկայությունն է:
Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: