Ոչ ֆորմալ կրթության ծրագրով ուսանողների հետ հանդիպել է Նելլի Հովհաննիսյանը

08.11

2019

IMG 6320 IMG 6302

IMG 6323 IMG 6309 

Նոյեմբերի 8-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարան է այցելել և դասախոսությամբ հանդես եկել ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Նելլի Հովհաննիսյանը: Դասախոսության թեման էր «Իմունաբանությունը և վիրուսաբանությունը», որին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին համալսարան այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար՝ կարևորելով ոչ ֆորմալ կրթության գիտաճանաչողական դերը ուսանողների համար:

Նելլի Հովհաննիսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է ուսանողներին ծանոթացնել գիտակրթական նորություններին, ոլորտի արդիական թեմաներին: Նա խոսել է իմունաբանության նվաճումներից, առկա խնդիրներից, իմունային համակարգի օրգաններից, բաղադրամասերից: «Իմունիտետը ցանկացած օրգանիզմի պաշտպանությունն է արտաքին, օտարածին, հիմնականում կենսաբանական ծագում ունեցող գոյացություններից»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ մարդկանց և կենդանիների համար մի հսկայական համակարգ է, որը կապված է օրգանիզմի ցանկացած գործընթացի հետ: Նա նաև ընդգծել է, որ օրգանիզմի բնականոն վիճակը պահպանվում է իմունային համակարգի շնորհիվ:

Բանախոսը մանրամասն խոսել է հակագենի, հակամարմինների և վիրուսների կառուցվածքից, առանձնահատկություններից, ներկայումս արդիական համարվող հեպատիտ C-ի և նման այլ հիվանդությունների բուժման դժվարություններից, ձեռնարկվող քայլերից և հակավիրուսային պրեպարատների ստեղծումից:

Հանդիպման վերջում Նելլի Հովհաննիսյանը պատասխանել է ներկաների հարցերին: