Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի և Ուսանողի միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ: Մրցույթը նախաձեռնել են Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:
Ուսանողուհի Լուիզա Ներսիսյանի խոսքով՝ խաղի նպատակն էր ընդլայնել ուսանողների աշխարհայացքը, զարգացնել գիտելիքները, խթանել մասնագիտական հմտությունների ձեռքբերումը:
«Նման մրցույթները ուսանողներին հնարավորություն են տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցակցել իրար հետ, ստանալ բազմակողմանի գիտելիքներ, ապահովել օգտակար և հաճելի ուսանողական ժամանց»,- ասել է համալսարանի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում համալսարանում մեծ զարգացում է ապրում ինտելեկտուալ խաղերը, ինչն ապացուցում է այն, որ ուսանողն այսօր կարևորում է գիտելիքը և կարողանում է մրցել իր գիտելիքներով:
Մրցույթին մասնակցում էին բոլոր ֆակուլտետների թիմերը: Խաղի ընթացքում հնչել են ուսանողների իմացական գիտելիքները ստուգող տրամաբանական հարցեր: