Բանասիրական ֆակուլտետի դեկանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հաշվետվությունը

14.11

2019

IMG 6936 IMG 6928

IMG 6900 IMG 6895

Այսօր` նոյեմբերի 14-ին, կայացել է բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստը, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվությունը:

Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, դասախոսներ, ուսանողներ:

Օրակարգային առաջին հարցով ֆակուլտետի դեկանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա կատարած աշխատանքները: Ներկայացվող հաշվետվությունը   բովանդակում էր հետևյալ բաղադրիչները՝ ֆակուլտետի կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական գործունեությունը, ուսանողների գիտական աշխատանքը, դաստիարակչական ու կրթական ժամանցը, համագործակցությունը, և ինքնավերլուծություն` ուժեղ և թույլ կողմերով:

Բնութագրելով ուսումնամեթոդական գործունեությունը՝   Լուսինե Մարգարյանը նշել է, որ հաշվետու տարին   եղել է փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղված աշխատանքների համակարգման տարի:

Դեկանը ամփոփել և գնահատել է ֆակուլտետի   ներուժը՝   առանձնացնելով ֆակուլտետի ուժեղ և թույլ կողմերը: «Բանասիրական ֆակուլտետի ուժեղ կողմերն են ուսանողության ուսումնագիտական կայուն ներուժը, հետևողականորեն իրականացվող աշխատանքները` ուղղված ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ուսանողների մասնակցությունը մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում եղել և մնում է առաջնահերթային:

Դեկանը ներկայացրել է նաև թույլ կողմերը՝ առանձնացնելով միջամբիոնային դեռևս թույլ փոխգործակցությունը, ներամբիոնային քննարկումների անլիարժեքությունը և այլն:

Ֆակուլտետի խորհուրդը բավարար է գնահատել 2018-2019 ուսումնական տարվա կատարած աշխատանքները:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, դեկան Լուսինե Մարգարյանին՝ կատարած աշխատանքի և հաշվետվությունը մանրազնին ներկայացնելու համար:

Խոսելով գիտական հոդվածներից և մենագրություններից` ռեկտորը նշել է. «Եռապատկել ենք գիտական ծախսերը, որի արդյունքում հնարավորություն ենք ունեցել կազմակերպել միջազգային գիտաժողով շուրջ 10 համալսարանների մասնակցությամբ, բարելավել գիտական տեղեկագրի վիճակը, գործուղել ուսանողներին ՀՀ բուհերի կողմից կազմակերպվող գիտաժողովներին»:

Արմեն Սարգսյանը կարևորել է բուհ-դպրոց համագործակցության կապի ամրապնդումը՝ նշելով, որ տարբեր դպրոցների աշակերտներին պետք է ընդգրկել համալսարանական միջոցառումներին՝ արշավներին, օլիմպիադաներին, ճամբարներին:

Հանդիպման վերջում ռեկտորը պատասխանել է ներկաների հարցերին: