Արցախի պետական համալսարան

IMG 8715 IMG 8706 

IMG 875011 IMG 8743012

Նոյեմբերի 28-ին Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի առթիվ կայացել է ծրագրավորման օլիմպիադա: Օլիմպիադան նախաձեռնել է բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը, որին մասնակցում էին համալսարանի և տարբեր դպրոցների թվով 74 ուսանողներ և աշակերտներ:

ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ է համարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: «Շատ մեծ կարիք կա նման մասնագետների և փորձը ցույց է տալիս, որ շրջանավարտների 90%-ից ավելին աշխատանք է գտնում»,- ասել է պրոռեկտորը և հաջողություններ մաղթել մասնակիցներին:

«Օլիմպիադայի նպատակն է ձևավորել թիմեր, որոնք ՀՀ բուհական օլիմպիադաների ժամանակ կներկայացնեն ԱրՊՀ-ն»,- ասել է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վազգեն Առստամյանը՝ հավելելով, որ նման օլիմպիադաները նպաստում են ուսանողների՝ մոնիտորինգի և մտքի ճկունության զարգացմանը: Նա նշել է նաև, որ վերջերս ԱրՊՀ թիմը մասնակցել է ԵՊՀ-ում կայացած օլիմպիադային և գրանցել բարձր արդյունքներ:

Մասնակիցներին առաջադրվել են ալգորիթմական խնդիրներ, որոնց լուծումներն ավտոմատացված համակարգով թեստային ստուգման են ենթարկվելու:

Նշենք, որ օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն, և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և նվերներով: