Արցախի պետական համալսարանի թիմը առաջին անգամ մասնակցել է «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադային, սակայն տեղի է ունեցել տհաճ միջադեպ

04.12

2019

IMG-439a3c0bb8184934da7698f678f0d18f-V  P91130-203315

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Արցախի պետական համալսարանի թիմը: Թիմի կազմում ընդգրկված էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող ԱրՊՀ ուսանողներ Հրաչ Գևորգյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Արարատ Բաբայանը և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արթուր Մնացականյանը, ով թիմի մարզիչն էր: ԱրՊՀ թիմը, ցուցաբերելով գոհացուցիչ արդյունքներ, անցել է քառորդ եզրափակիչ փուլը, սակայն օլիմպիադայի կազմակերպիչները թույլ չեն տվել մասնակցել անգամ կիսաեզրափակիչ փուլին:

«Թիմը պաշտոնապես գրանցվել է, ԱրՊՀ-ն Վրաստանում կիսաեզրափակչին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով կիսաեզրափակիչ փուլին թիմի մասնակցությանը դեմ է եղել Վրաստանի ներկայացուցիչը».-ասել է Արթուր Մնացականյանը։

Արցախի թիմը պաշտոնական հրավերը ստացել է հենց Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) պրոֆեսոր, Ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուայի կողմից և մեկնել Վրաստան:

«Սակայն դեկտեմբերի 1-ին՝ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ, Թեմուր Զարքուան Արցախի թիմի անդամներին դահլիճից դուրս է հրավիրել՝ խոչընդոտելով նրանց մասնակցությանը»,-ասել է ԱրՊՀ դասախոս, մարզիչ Արթուր Մնացականյանը:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և օլիմպիադայի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանի հավաստմամբ, ճնշումները միանշանակ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից են եղել. «Ես այդ ժամանակ կապ հաստատեցի Սանկտ Պետերբուրգի գլխավոր ղեկավարի հետ, որը ներողություն խնդրեց և նշեց, որ դա անօրինականություն է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու թիմի մասնակցությանը: Սակայն նրանք այդ պահին ոչինչ չէին կարող անել, քանի որ լծակներ չունեն ազդելու: Սանկտ Պետերբուրգի ղեկավարը խոստացել է, որ հաջորդ տարի Արցախի պետական համալսարանի թիմն իրենց կողմից մրցույթին մասնակցելու հրավեր է ստանալու»:

ԵՊՀ կարևոր հաղթանակի և Արցախի պետական համալսարանի թիմի հանդեպ թույլ տված անիրավության մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը նշել է. «Սա միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր մրցույթն է, որն ընդգրկում է երկրագունդը: Մի ամբողջ տարի ուսանողական թիմերը հաղթահարում են տարբեր փուլեր մինչև կիսաեզրափակիչ հասնելը: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է աշխարհի 2000-ից ավելի համալսարան: Կիսաեզրափակիչը հաղթահարելը և եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ մեծ հաղթանակ է, որովհետև պայքարը դաժան է ու բարդ»,-շեշտեց նա ու պատմեց, որ վերջին քսան տարվա ընթացքում Ադրբեջանն առհասարակ դուրս չի եկել եզրափակիչ, Վրաստանի տարբեր համալսարանների հաջողվել է երեք անգամ անցնել եզրափակիչ, իսկ ԵՊՀ-ն Հայաստանի միակ բուհն է, որն առաջին անգամ 2017-ին է անցել եզրափակիչ և այս տարի:

Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի հետ կապված խնդրին` Դումանյանը հիշեցրել է, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Թբիլիսիի ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուան ասել էր, որ դա պարզապես տեխնիկական սխալմունք էր, և Արցախի թիմը գրանցման հետ խնդիրներ ուներ:

«Նա ինձ էլ ասաց, որ գրանցման հետ կապված խնդիրներ կան, բայց ոչ մի հարց էլ չկար: Արցախի պետական համալսարանի թիմը պաշտոնապես գրանցված էր, ուներ պաշտոնական հրավեր: Զարքուան ինձ ասաց, որ որևէ խնդիր չունի, բայց իր վրա բավականին մեծ ճնշումներ են եղել: Ակնհայտ է, որ այդ ճնշումները եղել են ադրբեջանական կողմից: Ադրբեջանին խրտնացնում է Արցախի պետական համալսարան անվանումը: Հավանաբար, ադրբեջանական կողմի համար դա մահացու անվանում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել այդ հարցի շուրջ»,-շեշտել է Դումանյանը:

Նա պատմել է, որ Զարքուայի հետ զրուցել է և հստակ ասել է իրենց տեսակետը, որ Արցախի պետական համալսարանը հայկական բուհ է, ինչպես մեր այլ բուհերը: «Նա շատ անտրամադիր էր ու ակնհայտ էր, որ նրա վրա լուրջ ճնշումներ են եղել, բայց դա որևէ կերպ չէր կարող արդարացնել այն քայլը, որին նա գնաց: Նժարին դրված էր երկու բան` միջազգային մրցույթի կանոնները, իսկ մյուս կողմից ադրբեջանական կողմի ցասումը և կազմակերպիչն ընտրեց երկրորդ կողմը: Նման երևույթները միջազգային ֆորումներում, մրցույթներում հազվադեպ չեն»,-եզրափակել է Վահրամ Դումանյանը:

«ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլում ԵՊՀ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր և դառնալով Հարավային Կովկասի միակ ներկայացուցիչը եզրափակչում:

Օլիմպիադան ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհի տարբեր համալսարանների ծրագրավորման ամենահեղինակավոր մրցույթն է, որին մասնակցում են հեղինակավոր համալսարանների  թիմեր:

Այս տարի առաջին անգամ մրցույթն առանձին փուլով անցկացվել է հայաստանյան բուհերի միջև, որին մասնակցել է նաև ԱրՊՀ թիմը, որտեղ ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են ԵՊՀ թիմերը, լավ արդյունքներ է ապահովել նաև ԱրՊՀ թիմը` հնարավորություն ստանալով մասնակցելու տարածաշրջանային փուլին: Այդ փուլին թիմերն արդեն մրցել են նախկին Խորհրդային միության երկրների բուհերի թիմերի հետ: Ի դեպ, մրցույթը զուգահեռ ընթացել է 4 քաղաքներում`Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի և Բառնաուլ:

Տեղեկացնենք, որ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու 2020 թ. Մոսկվայում:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ