Հոգեբանական դասընթացների շրջանակում շարունակվում են հանդիպումները

05.12

2019

IMG 9739 IMG 9704

Դեկտեմբերի 5-ին Արցախի պետական համալսարանում հոգեբանական դասընթացի շրջանակում հ.գ.թ., դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս, «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Միքայելյանը հանդիպել է ոլորտի մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա էին դպրոցների հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, սոցիալական մանկավարժներ, լոգոպեդներ, դասախոսներ, ուսանողներ:

Ներկաները քննարկել են ոլորտում առկա խնդիրները՝ փորձելով գտնել դրանց առաջացման պատճառները և լուծման տարբերակները:

Մասնավորապես, խոսելով դեռահասների ագրեսիվության պատճառներից և տարիքային առանձնահատկություններից՝ Վլադիմիր Միքայելյանը նշել է, որ դեռահասները ինքնապաշտպանությունը արտահայտում են ագրեսիայի միջոցով: «Ագրեսիայի դրսևորումները լայն դաշտ են ներառում: Դեռահասության տարիքը խոցելի տարիք է. առաջին անգամ առնչվում են մեծահասակի հույզերի հետ, որոնց նա չեն տիրապետում: Նրանց վարքը կապված է ինքնագնահատականի պահպանման հետ»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ այդ տարիքից սկսած կարևորվում է արտաքին տեսքը, որը ուղեկցվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Նա ընդգծել է, որ նրանց համար ողբերգական հետևանքներ կարող են ունենալ արտաքին տեսքին կամ մտավոր կարողություններին վերաբերող արտահայտությունները:

Հոգեբանը մատնանշել է նաև խնդրի լուծման ուղիները՝ նշելով, որ ագրեսիայից ազատվելու համար անհրաժեշտ է զբաղվել սպորտով, ընդգրկվել մշակութային միջոցառումներում. «Խնդրի լուծման տարբերակ է առաջին դասարանից երեխաներին ըստ միևնույն խառնվածքի նստեցնելը»:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Միքայելյանը պատասխանել է ներկաների հարցերին:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ