Արցախի պետական համալսարան

IMG 9902 IMG 9916

Դեկտեմբերի 6-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հանդես է եկել դասախոսությամբ: Դասախոսության թեման էր «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ»:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել համալսարան այցելելու ու դասախոսությամբ հանդես գալու համար՝ ընդգծելով, որ տարեցտարի մեծ թափ է ստանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում կազմակերպվող դասախոսությունների ընթացքը: Ռեկտորը նշել է, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում են հրատարակվում ԱրՊՀ գրեթե բոլոր գիտական աշխատությունները, գիտական տեղեկագրերը:

«Արդեն 26 տարի է, ինչ գործում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, և այդ ընթացքում հրատարակվել են 5000-10000 անուն գրքեր, որոնք նախատեսված են տարբեր ոլորտի և տարիքային տարբեր խմբերի համար»,- ասել է հիմնադիր-տնօրենը՝ ընդգծելով, որ այսօր տպագրվում են նաև երաժշտական, ինտերակտիվ աուդիոգրքեր, մեթոդական ձեռնարկներ, ինքնուրույն ընթերցանության գրքեր, դասագրքեր, մանկական գրականություն, ինչպես նաև հայ դասական գրողների ստեղծագործություններ:

Մ.Կարապետյանը, խոսելով հրատարակչության կայքի մասին, նշել է, որ կան բազմաթիվ գրքեր, ուսուցողական խաղեր, հանելուկներ, որոնք նպաստում են երեխաների տրամաբանական մտածողության զարգացմանը, ստեղծագործական երևակայության և գրքի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է նաև թարգմանական գրականությանը՝ նշելով, որ վերջին տարիներին հրատարակչությունը զբաղվում է նաև թարգմանական գրականությամբ, ինչը մեծ վաճառք ունի Հայաստանում. հետաքրքրված են հատկապես երիտասարդները: