Սահմանադրության օրվա առթիվ ԱրՊՀ-ում կայացել է գիտական սեմինար

09.12

2019

IMG 0260 IMG 0404414

Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանում ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ կայացել է գիտական սեմինար, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է օրվա առթիվ՝ խոսելով երկրի մայր օրենքի նշանակության և օրվա խորհրդի մասին:

Նա նաև նշել է, որ մայր բուհի կողմից նախաձեռնվող միջոցառումների հրավերներին մշտապես պատրաստակամությամբ է արձագանքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ոչ միայն մասնակցելու առումով, այլ նաև իր խոսքն ասելու, ով կանգնած է եղել Սահմանադրության ընդունման ակունքներում և երկար տարիներ եղել է ԱրՊՀ խորհրդի նախագահ:

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի, Մարդու իրավունքների պաշտպանության և Սահմանադրության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ Արցախի մայր բուհը միշտ արձագանքում է երկրի քաղաքական օրացույցի ամենակարևոր իրադարձություններին՝ կազմակերպելով մասնագիտական քննարկումներ, գիտական սեմինարներ՝ հնարավորություն տալով պետական պաշտոնյաներին մասնակցելու այդ միջոցառումներին: «Մեր երկրում ավանդույթ է դառնում նման տոների նշումը, որոնց խորհուրդը պետք է հաջորդաբար փոխանցենք նոր սերնդին, որոնք լինելու են վաղվա պետական համակարգի պատասխանատուները»:

Անդրադառնալով Սահմանադրության կարգավորումներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք նպաստում են կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված սահմանադրական կարգավորումների գործողություններին, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացի հետագա զարգացմանը, մարդու իրավունքների և ազատությունների իրականացման երաշխավորման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանը, անմիջական ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործմանը:

«Սահմանադրությունը երկրի քաղաքացիների միջև համաձայնագիր է, քաղաքացու և պետության փոխհարաբերությունների կարևոր փաստաթուղթ, որը երկրի բոլոր քաղաքացիների համար պետք է լինի նույն ծավալով, նույն չափով»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը՝ կոչ անելով հետևել երկրի իրավական զարգացումներին:

Գիտական սեմինարին զեկուցումներով հանդես են եկել պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը՝ «2017թ. Սահմանադրության ընդհանուր բնութագիրը» և ամբիոնի դասախոս Արմինե Դանիելյանը՝ «Սահմանադրական վերահսկողության ինստիտուտը ԱՀ-ում» թեմաներով:

Ա. Ղուլյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: