Արցախի պետական համալսարան

IMG 0408 IMG 0426

Այսօր` դեկտեմբերի 9-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Ինչպես լինել մեդիագրագետ. պայքար կեղծ լուրերի դեմ» թեմայով դասընթաց, որին ներկա էին տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներ:

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել նրանց` կարևորելով թեմայի արդիականությունն ու այդ ուղղությամբ ուսանողներին գիտելիքներ փոխանցելու անհրաժեշտությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնիսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ դասընթացի նպատակն է ներկաներին տալ այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ մեդիասպառողը կկարողանա ինքնուրույն հասկանալ, տարբերակել իրական, ճիշտ լուրը կեղծից:

«21-րդ դարում աշխարհում բավականին տարածում են գտնում կեղծ լուրերն ու լրատվական մանիպուլյացիաները: Դա տեղի է ունենում աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ կա ժողովրդավարություն, դա տեղի է ունենում նաև Հայաստանում և Արցախում: Դրա դեմ պայքարի ձևերը թեև շատ են, բայց մենք վստահ ենք, որ ամենաարդյունավետ ձևը մարդկանց կրթելն է, գիտելիք տալն է: Այդ պարագայում կեղծ լուրերի տարածումը չի ունենա այն արդյունավետ էֆեկտը, որը հետապնդում են կեղծ լուրեր տարածողները»,-նշել է Դանիել Իոնիսյանը` հավելելով, որ նմանատիպ դասընթացները շարունակական  կլինեն, սկսել են Արցախից, բայց նախատեսում են այդպիսիք կազմակերպել նաև ՀՀ-ում:

Նրա խոսքով` երկարաժամկետ առումով պետք է հասնեն նրան, որ ՀՀ-ում, Արցախում բոլորն ունենան այն գիտելիքները, հմտությունները, կարողությունները, որոնց շնորհիվ կարողանան տարանջատել կեղծ լուրը իրականից, և այդ դեպքում չի լինի կեղծ լուրի խնդիրը:

Հանդիպման ընթացքում լրատվության և քարոզչության մոնիթորինգի ստորաբաժանման ղեկավար Վիկտորյա Անդրեասյանը և փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը ուսանողներին ներկայացրել են այն գործիքները, թե ինչպես տարանջատել կեղծ լուրը իրականից, կոնկրետ օրինակներով ցույց տվել փաստերը ստուգելու գործիքակազմը, ուսանողներին փոխանցել ոլորտի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, կարողություններ:

Ուսանողները գոհունակություն են հայտնել դասընթացի արդյունավետությունից: