Արցախի պետական համալսարան

sos

Սոս գյուղը Մարտունու շրջանի ամենամեծ գյուղերից մեկն է: Գյուղն իր անվանումը ստացել է Սոսենի ծառից, որն այդ տարածքում տնկել էր մի խիզախ զորավար: Գյուղի խորհրդանիշը «Կարմիր քար» սրբավայրն է, որը գտնվում է գյուղի բլրի գագաթին և այնտեղից միշտ հսկում է սոսեցիներին:

Վերջերս գյուղի բարերարների շնորհիվ բարեկարգվել է գյուղից դեպի սրբավայր տանող ճանապարհը, որից հետո էլ սրբավարյում բարձրացվել Արցախի Հանրապետության դրոշը: Տեղանքում կատարվել են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել է եկեղեցի՝ արդեն հողի տակն անցած, սակայն եկող տարի նախատեսվում են ավելի մեծամասշտաբ ուսումնասիրություններ: Հենց այս բլրակի լանջից էլ սկսում են սոսեցիների գեղեցիկ տների շարանները: Բլրի պատճառով արևը գյուղն ուշ է տաքացնում, հենց դրա համար էլ գյուղացիներին անվանում են «Անծագ սոսեցիներ»: Հեռվից գյուղին նայելիս այնպիսի տպավորություն է, ասես գյուղը հիմնված է խոր փոսի մեջ:

Սոս գյուղը հատկապես առանձնանում է գինեգործությամբ։ Սոսեցիների պատրաստած գինիները արդեն իսկ շատերին է հայտնի:Սոսը համարվում է Արցախի՝ թթենու ամենամեծ այգիներ ունեցող գյուղը: Սոսից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ամարաս եկեղեցին:Ամարասը տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից տարեկան բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Արցախ:Գյուղն ունի նորակառույց դպրոց և մանկապարտեզ, գյուղում կա արվեստի դպրոց, որը երեխաներին հնարավորություն է տալիս զբաղվել իրենց նախասիրություններով: Չնայած այս ամենին՝ տեղացիներն աշխատանքի պատճառով երբեմն մեկնում են արտերկիր: Մարտունու շրջանի Սոս գյուղի համայնքապետ Հունան Գրիգորյանը նշում է, որ գյուղի բնակչության թվաքանակը վերջին հինգ տարվա կտրվածքով աճել է մոտ 35 հոգով, ներկա դրությամբ գյուղն ունի 1086 բնակիչ: Նա արդեն ունի հստակ պլանավորած ծրագրեր, որոնց շնորհիվ գյուղացիները կունենան աշխատանք: Կան հետևյալ ծրագրերը՝ գյուղմթերքի վերամշակման արտադրամասերի բացում, տուրիզմի զարգացում՝ շնորհիվ Սոսում եղած պատմական վայրերի, և այդ ամենի իրականացման գործում կաջակցի ԱՀ Կառավարությունը: Նա նաև մեծ ցավով է խոսում այն մասին, որ գյուղացիների աշխատանքի արդյունքում պատրաստված թե՛ խմիչքեղենը, թե՛ չրեղենը և թե՛ մնացած մթերքները չեն արտահանվում, քանի որ չկա արտահանման շուկա և մեծ է իրացման խնդիրը:

Չնայած այս ամենին՝ Կարմիր քարի օրհնության ներքո գյուղացիները շարունակում են աշխատել, ստեղծել ու արարել շնորհիվ իրենց աշխատասիրության և հայրենի հողին արմատներով ամուր կառչած լինելու հատկության:

Մոնիկա Օհանջանյան, լրագրություն 1-ին կուրս