Մայր բուհի հիմնական ձեռքբերումը թողարկված շրջանավարտներն են, որոնք իրենց նպաստը կբերեն մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը

11.12

2019

76756921 2968562566616817 3658019058978127872 n

Արցախի մայր բուհի հոբելյանի առթիվ զրուցել ենք բուհի նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ, ով բուհը ղեկավարել է 2013-2018թթ.: Հետաքրքիր է նրանից իմանալ բուհի անցած ճանապարհի և զարգանալու հեռանկարների մասին: Այս և այլ թեմաներով է մեր զրույցը Մ. Մինասյանի հետ.

-Տիկին Մինասյան, ինչպե՞ս կգնահատեիք Արցախի մայր բուհի անցած կեսդարյա ուղին:

-Հիսուն տարին համալսարանի համար պատկառելի տարիք չէ: Անժխտելի փաստ է, որ արցախահայությունը միշտ էլ ընդգծված վերաբերմունք է ունեցել կրթության և գիտության նկատմամբ, միշտ էլ ձգտել է ունենալ կրթական ու գիտական միտքը գեներացնող ու տարածող կրթօջախ: Այդ ցանկությունն իրականություն է դարձել, երբ բացվել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը (այժմ՝ ԱրՊՀ), որը բարձրագույն կրթության լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է: Դժվար ու երկար կայացման փուլ է անցել Արցախի մայր բուհը` այդ ճանապարհին փառքով կատարելով իր ազգապահպան բարձր առաքելությունը: Ուստի ոչ մի սերունդ իրավունք չունի անտեսել ու իր նպաստը չբերել մայր բուհի զարգացմանը:

-Ձեր պաշտոնավարության ընթացքում ինչպիսի՞ հաջողություններ և ձեռքբերումներ է ունեցել բուհը:

-Հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել մասնակցել Արցախի պետական համալսարանի զարգացմանը: Աշխատել եմ իրագործել իմ նախընտրական ծրագրի դրույթները, կարծում եմ, հիմնականում հաջողվել է: Ամենամյա աշխատանքի հաշվետվությունները հրապարակվել են:

Ցավում եմ, որ ռեսուրսային (մարդկային, նյութական, տեխնիկական և այլ) լուրջ ներարկումների բացակայության և այլ օբյեկտիվ պատճառներով չի հաջողվել որակական էական տեղաշարժ արձանագրել:

Հիմնական ձեռքբերումը, թերևս, թողարկված շրջանավարտներն են, որոնք իրենց նպաստը կբերեն մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:

-Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք և որո՞նք են, ըստ Ձեզ, համալսարանի զարգացման հեռանկարները:

-Արցախի պետական համալսարանին մաղթում եմ կայուն զարգացում: Ազգային արժեքների պահպանության գործը միայն համալսարանի ղեկավարության և կոլեկտիվի խնդիրը չէ, այն հաջողությամբ ի կատար կածվի, եթե դրան նվիրվի Արցախում բարձրագույն կրթության ռազմավարական նշանակությունը գիտակցող յուրաքանչյուր հայ, անկախ նրա ապրելու վայրից: Վստահ եմ, որ համալսարանը զարգանում է ճիշտ ուղով և տարիներ անց մենք կունենաք մեր երազած կրթօջախը:

Հարցազրույցը` Նանե Հարությունյանի, լրագրություն 3-րդ կուրս

Обновлено 18.12.2019 11:37