Կայացել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հիմնախնդիրները» թեմայով գիտամանկավարժական սեմինար

17.12

2019

IMG 094217  IMG 0908

Դեկտեմբերի 17-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հիմնախնդիրները» թեմայով գիտամանկավարժական սեմինար: Միջոցառումը նախաձեռնել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը: Սեմինարին ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի դեկանը, դասախոսներ, ոլորտի ներկայացուցիչներ, հատուկ մանկավարժներ, ուսանողներ:

Ներկաները քննարկել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպումը, մտքեր փոխանակել և հստակեցրել հետագա անելիքները:

Ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ոլորտում կան անհրաժեշտ մասնագետներ ունենալու, ծրագրերը հստակեցնելու, որոշակի համագործակցություն ձևավորելու խնդիրներ:

«Այսօր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին իրենց անհատական կրթական կարիքին համապատասխան ներառական որակյալ կրթությամբ ապահովելը դարձել է օրակարգային հարց»,- ընդգծել է դեկանը:

Էլլադա Բաղդասարյանի խոսքով՝ միջոցառման նպատակն էր համատեղ համագործակցությամբ որոնել ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հիմնախնդիրները:

«Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը»,- նշել է ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ այն արձագանքում է սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին:

Միջոցառման ընթացքում մագիստրատուրայի «Հատուկ մանկավարժություն» մասնագիտացմամբ ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

Հանդիպումը ուղեկցվել է հարցուպատասխանով:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ