ԱրՊՀ-ում մեկնարկել է Սթեթսոնի անվան 24-րդ տարեկան միջազգային դատախաղի տարածաշրջանային փուլը

21.01

2020

83157063 178020356905715 8520937849355239424 n 84078203 3030783623598798 9133800193248985088 n

Հունվարի 21-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատական խաղ-մրցույթի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փուլը: Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված դատախաղին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողները անգլերեն լեզվով դատավիճել են ազգային սահմանները հատող իրավական, էկոլոգիական խնդիրների շուրջ:

Մրցույթին մասնակցել են երեք թիմ՝ Երևանի պետական համալսարանը, Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանը և Արցախի պետական համալսարանը, յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր երեք ուսանող: Մրցույթի առաքելությունն է նպաստել էկոլոգիական իրավունքի ոլորտում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն ունեցող երիտասարդ առաջնորդների զարգացմանը:

«Նման դատախաղերը միջազգային հարթակներում կայանալու, լեզվի իմացությունը զարգացնելու, այլ երկրներում այլ իրավաբանների մտածողությունը, ամբողջ աշխարհում իրավունքի տրամաբանությունը և էությունը հասկանալու, ինչպես նաև կայանալու հնարավորություն են տալիս»,- նշել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Սողոյանը՝ ընդգծելով, որ մրցույթին առաջադրված խնդիրները վերաբերում են վերացող և տեղափոխվող տեսակներին:

ԱրՊՀ թիմի մարզիչ Վարդուհի Ավանեսյանի խոսքով՝ ուսանողները ոգևորված և մոտիվացված են, փորձում են ամեն կերպ սովորել ու ներկայացնել իրենց գիտելիքները: «Թիմերի հաղթանակը պայմանավորված է մի քանի չափանիշներով՝ ներկայացնելու արվեստով, հանրային խոսքով, միջազգային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներով և որպես իրավաբաններ սեփական կարծիքը ներկայացնելու պատրաստվածությամբ»:

Նշենք, որ խաղը կշարունակվի նաև վաղը Գերագույն դատարանում, իսկ ազգային և տարածաշրջանային փուլերի արդյունքում հաջողություն գրանցած թիմերը, այդ թվում նաև ԱրՊՀ թիմը, մասնակցելու են ապրիլի 2-ից 4-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայանալիք եզրափակիչ փուլին:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ