ԱրՊՀ եվ ԳՊՀ միջեվ ստորագրվել է համագործակցության հուշագիր

23.01

2020

IMG 1930 IMG 1921

Հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը` հունվարի 23-ին ԱրՊՀ-ում Արցախի պետական և Գորիսի պետական համալսարանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով համագործակցության հուշագրի կնքումը, նշել է, որ փաստաթղթով ամրագրվում են այն կարևոր կետերը, որոնք առանցքային են գիտակրթական կյանքն արդյունավետ կազմակերպելու գործում: Ռեկտորը հուշագրի կնքումը կարևորել է նաև բուհերի հավատարմագրման գործընթացի համատեքստում` համարելով այն անհրաժեշտ դրույթներից մեկը երկու բուհերի համար:

Իր հերթին Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Թեհմինա Մարությանը հուշագրի կնքումը կարևորել է նաև Սյունիք-Արցախ տարածաշրջանային գիտակրթական կապերի ամրապնդման, հարավային ակադեմիական միջավայրի ձևավորման կարևորության և ռազմավարական նշանակության տեսանկյունից:

«ԱրՊՀ-ի հետ Գորիսի պետական համալսարանի համագործակցությունը տարիների պատմություն ունի, և այս հուշագրով այդ համագործակցությանը փաստաթղթային վավերացում ենք տալիս»,-նշել է Թ. Մարությանը:

Հուշագրով ամրագրվում է համատեղ ծրագրերի, միջոցառումների իրականացում, կրթական ծրագրերի մասին և այլ անհրաժեշտ տեղեկության տրամադրում, սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում, կրթական ծրագրերի, դասընթացների համատեղ մշակում, սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստում, ԱրՊՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում, համատեղ գիտաժողովների կազմակերպում և այլ ուղղություններով համագործակցություն:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ