Արցախի պետական համալսարան

zoramas zoramas28

Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են N զորամաս: Ուսանողները շրջայց են կատարել զորամասի տարածքում՝ ծանոթանալով զինվորների առօրյային և պայմաններին: 

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով ՊԲ անձնակազմին և զինվորներին, կարևորել է օրվա խորհուրդը՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում գոյատևելու և պետությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է մարտունակ բանակ: 
«Հայոց բանակը մեր պետականության միակ հուսալի երաշխավորն է: 28 տարի իր գոյությամբ և իր մարտունակությամբ կարողացավ ապացուցել, որ լիարժեքորեն ապահովում է իր առջև դրված խնդիրները»,- ասել է նա՝ մաղթելով զինվորներին հավերժ երթ, մարտական կարողությունների օրեցօր ավելացում: 
Զինծառայողներին շնորհավորել է նաև ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանը.«Դժվար էր ռազմական գործողություններին զուգընթաց բանակ կառուցելը: Անցնելով թե պատերազմի և թե բանակաշինության փորձությունները՝ մեր բանակը կոփվեց և դարձավ անկախ պետականության կարևորագույն երաշխիքը, հայ ժողովրդի արդարացի հպարտության և ոգևորության աղբյուրը», - ասել է նա՝ հավելելով, որ ինչպես ապրիլին, այնպես էլ հետագայում խաղաղության և հավանական պատերազմում հաղթանակի երաշխավորը հայոց բանակն է, և բանակաշինության հետագա գործընթացը պետք է լինի համազգային գործ:
Ուսանողները հանդես են եկել ազգագրական կատարումներով՝ զինծառայողների օրը դարձնելով տոնական: