Արցախի պետական համալսարան

IMG 2159 IMG 2162

 

IMG 2168 IMG 2195

Այսօր՝ փետրվարի 10-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել են առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի պարապմունքները: Բանասիրական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության, բնագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում` 2-րդ հերթով:

«Ուսանողները բավականին ժամանակ են ունեցել հանգստանալու և ուժերը վերարտադրելու համար, ակնկալում եմ, որ ամենայն լրջությամբ կմոտենան ուսումնական գործընթացին և գիտելիքի ձեռքբերումը կդառանա գերնպատակ»,- ասել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը՝ հավելելով, որ երկրորդ կիսամյակում մասնագիտական կրթական ծրագրերում ավելի շատ ընդգրկված են ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացներ, գործնական պարապմունքներ և ընդգծել, որ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու խնդիր ունեն:

«Նոր կիսամյակի սկիզբը հնարավորությունների մեծ շրջանակ է ստեղծում վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես անձնական աճի, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում»,- ասել է գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը: Նա ուսանողներին մաղթել է, որ ուսումնառության ողջ ընթացքը ուսանողների համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան՝ համոզված լինելով, որ երկրորդ կիսամյակը կլինի արգասաբեր:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ինեսսա Առուստամյանի խոսքով՝ ուսումնական պարապմունքները ընթանում են բնականոն հունով և ուղղված են տեսական գիտելիքների խորացմանն ու աշխատանքային որոշակի մեթոդների յուրացմանը. «Հույս ունեմ, որ այս կիսամյակի ընթացքում ուսանողների մասնագիտական աճին նպաստող միջոցառումների թիվը կավելանա, և կզինվենք նոր գիտելքիներով»: