Արցախի պետական համալսարան

GEORGY GRANTOVICH 12019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման համակարգի քննաշրջանի արդյունքների, 2-րդ կիսամյակի պարապմունքների ընթացքի և նախատեսվող ծրագրերի մասին զրուցել ենք ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի հետ:

«2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման համակարգի քննաշրջանի արդյունքներով ակադեմիական առաջադիմությունը նախորդ ուսումնական տարվա համեմատ աճել է: Բանասիրական ֆակուլտետի բացարձակ առաջադիմությունը նախորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 6%-ով, բնագիտական ֆակուլտետինը՝ 6%-ով, մանկավարժության և սպորտինը՝ 3%-ով, պատմության և իրավագիտության ֆակուլտետի առաջադիմությունը պահպանվել է, իսկ տնտեսագիտության ֆակուլտետինը նվազել է 2%-ով»,- նշել է պրոռեկտորը՝ հավելելով, որ նվազել են անբավարար գնահատականներ ստացող և չներկայացած ուսանողների թիվը, աճել է գերազանց գնահատականներ ստացած ուսանողների թիվը:

Այս ուսումնական տարվա ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել ոչ մանկավարժական փորձուսուցման անցկացման գործընթացին: «Հիմա պարտադրել ենք ուսանողներին 6 ակադեմիական ժամ անցկացնել փորձուսուցման վայրում, բացի այդ ղեկավարները մանրամասն նկարագրել են փորձուսուցման ամեն օրվա ուսանողի անելիքները, որը տարիներ առաջ բացակայում էր»,- ասել է Գ.Սահակյանը՝ ընդգծելով, որ նշված փոփոխությունը գործատուների հետ կապ հաստատելու և փորձուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու մեծ հնարավորություն է տալու:

Խոսելով 2-րդ կիսամյակի ընթացքում նախատեսվող ծրագրերից՝ Գեորգի Սահակյանը նշել է. «Անցած կիսամյակում ոչ մասնագիտական խմբերում որակի ապահովման կենտրոնի հետ միասին դասալսումներ ենք կազմակերպել «Ռուսաց լեզու» և «Հայոց լեզու» դասընթացների շրջանակում՝ տեսնելու, թե ինչ փոփոխություններ կան, արդյոք օգտագործում են դասավանդման ժամանակակից մեթոդները, դասավանդումը կապված է ապագա մասնագիտության հետ, ինչպես նաև ընդհանուր վիճակը ամփոփելու և անհրաժեշտ խորհուրդներ տալու նպատակով», - ասել է նա՝ ընդգծելով, որ ամբիոններին առաջարկել են քննարկել և փոփոխել առարկայական նկարագրերն ու օրացուցային պլանները, որոնք բոլորի համար նույնն են լինելու, նաև խորհուրդ են տվել օգտագործել մուլտիմեդիայի միջոցները: Պրոռեկտորը հավաստիացրել է, որ այս կիսամյակում էլ նախատեսում են դասալսումներ իրականացնել «Հայոց պատմության հիմնահարցեր» դասընթացի շրջանակում, կազմակերպել կլոր սեղաններ, հրավիրել գործատուներին, համատեղ քննարկել գործող ուսումնական պլանները՝ ուսանողների գիտելիքները աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու համար: