Արցախի պետական համալսարան

IMGHG IMG ZS

IMG OKS  IMG 2286

Փետրվարի 14-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում` նվիրված հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի հայագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 95-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:Ուսանողներն ու դասախոսներն իրենց ելույթներում ներկայացրին Սերգեյ Աբրահամյան մարդուն և գիտնականին, նրա գիտական վաստակը` մեկ անգամ ևս արժևորելով Ս.Աբրահամյանի ավանդը հայ լեզվաբանության զարգացման գործում:

Ողջունելով ներկաներին` բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանն իր ելույթում հուշեր է պատմել Սերգեյ Աբրահամյանի մասին: Անվանի լեզվաբանը եղել է նրա թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը, ում հետ ծանոթացել է 1993 թվականին:

«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ բախտ եմ ունեցել ճանաչելու նրան: Նա մեծ հայրենասեր էր, ապրեց հայրենիքի սիրով ու կարոտով»,-նշել է նա` ընդգծելով, որ մեծ է Ս.Աբրահամյանի վաստակը նաև ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի զարգացման գործում: Ամբիոնի դասախոսներից հինգի թեկնածուական ատենախոսությունը ղեկավարել է հենց Ս.Աբրահամյանը:

«Սերգեյ Աբրահամյանի կերպարի գլխավոր և վսեմ հատկանիշներն են` անձնուրաց նվիրվածություն գիտության ընտրած ճյուղին, դպրոցին ու կրթությանը, անհանգիստ ու պրպտող միտք, ամենաբարդ երևույթները պարզ ու հստակ ներկայացնելու բնատուր ձիրք, անսպառ բարություն, մարդասիրություն, զգայուն սիրտ ու բարյացակամություն, լայնախոհ հայրենասիրություն, պարզություն և համեստություն, հոգատարություն, ուսանողներին ու ասպիրանտներին իր գիտելիքները մինչև վերջ նվիրաբերելու և բոլորին օգնելու պատրաստակամություն»,-ասել է Հ.Ղազարյանը:

Ակադեմիկոսի մասին ներկաների հետ իր հուշերն է կիսել նաև ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Օֆելյա Բաբայանը:

«Մեծ գիտնական Սերգեյ Աբրահամյանին առաջին անգամ տեսել եմ 1983 թվականին: Ես շատ ուրախացա, որ նա դարձավ իմ աշխատանքի գիտական ղեկավարը: Նա մարդկային բարեմասնություններով օժտված մեղմ ու բարի անձնավորություն էր, հումորով շաղախված պարզ ու անկեղծ տումեցի, սիրված ու հարգված գործընկեր և ղեկավար»,-նշել է Օֆելյա Բաբայանը:

Սերգեյ Աբրահամյանի մարդկային որակների, գիտական գործունեության, իր ասպիրանտների հանդեպ ունեցած առանձնահատուկ հոգածության մասին իր ելույթում ընդգծեց նաև հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանը` պատմելով նաև հուշեր Ս. Աբրահամյանի հետ ունեցած հանդիպումներից:

ԱրՊՀ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Արզումանյանը, իր խոսքում կարևորելով Ս.Աբրահամյանի գիտական աշխատությունների նշանակությունը ուսանողների համար, նշել է, որ մեծ գիտնականի լեզվաբանական աշխատություններն ուղեկցում են տվյալ ուղղությունն ընտրած ուսանողներին ամբողջ ուսումնառության ընթացքում, քանի որ դրանք մատչելի են ուսանողների համար ոչ միայն գիտականորեն հագեցած լինելու, այլ նաև մատչելի լեզվով գրված լինելու պատճառով:

Միջոցառման ավարտին ներկաները դիտել են «Սերգեյ Աբրահամյան. Հին լեզվի նոր պահապանը» ֆիլմը:

Սերգեյ Գյանջումի Աբրահամյանը ծնվել է 1925 թ. փետրվարի 14-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1942-1944)։ Ավարտելով` ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան՝ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Սերգեյ Աբրահամյանը դոցենտ է 1956 թվականից, իսկ 1966 թվականին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, 1970 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Նրա իմնական աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքին, ոճաբանությանը, բառարանագրությանը, լեզվի ուսումնասիրման մեթոդաբանությանը, հայերենի կանոնարկման, լեզվաշինության, լեզվաքաղաքականության, լեզվի ուսուցման հիմնահարցերին: Զբաղվել է ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության, նրա պատմության ու ավանդման մեթոդիկայի, ինչպես և խոսքի մշակույթի բարձրացման հարցերով. կատարել է բառարանագրական աշխատանք։ Արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի խոսքի մասերի գիտական քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի (ձեռնարկների) պատրաստման բնագավառներում։ Գրել է գիտամեթոդական բնույթի բազմաթիվ հոդվածներ:

Սերգեյ Գյանջումի Աբրահամյանը մահացել է 2005 թ.-ին: Նրա անունով են կոչվում ծննդավայրի` Տումիի միջնակարգ դպրոցը և Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը: