Արցախի պետական համալսարան

Valerij2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում Արցախի պետական համալսարանում գիտական և միջազգային համագործակցության գծով կազմակերպվել են գիտաժողովներ, գիտական սեմինարներ, տպագրվել հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, ստորագրվել համագործակցության հուշագրեր:

 «Գիտությունը այն ոլորտն է, որը ստեղծում է գիտական նորույթ և որի ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունենք: ԱրՊՀ-ում գիտությունը զարգացնելու և հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է ուսումնական գործընթացում օգտագործել և ներդնել գիտահետազոտական վերջին նորարարությունները, որի շնորհիվ կկարողանանք բարձրացնել արդյունավետությունը տվյալ ոլորտում»,- ասել է ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:

Խոսելով ձեռքբերումների մասին` պրոռեկտորը նշել է, որ բուհը ավելի քան չորս տասնյակ համալսարանների հետ համագործակցության հուշագրեր ունի ստորագրած: Այդ հուշագրերի շրջանակներում պարբերաբար կազմակերպվել են համատեղ գիտական տարաբնույթ միջոցառումներ, առաջիկայում ևս նախատեսվում են նմանատիպ մի շարք միջոցառումներ:

«Ինչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, ապա ԱրՊՀ-ին պարբերաբար հրավիրում են մասնակցելու տարբեր միջազգային գիտաժողովների, համալսարանը տարբեր երկրների հետ ունի համագործակցության պայմանագրեր»,- նշել է պրոռեկտորը՝ ընդգծելով միջազգային կազմակերպությունների հետ շփումները ակտիվացնելու և պայմանագրերի շրջանակում Եվրոպայի հետ համագործակցելու անհրաժեշտությունը:

Պրոռեկտորի խոսքով՝ հոկտեմբեր ամսում նախատեսում են կազմակերպել Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: