Արցախի պետական համալսարան

MyCollages ErazmusՀունվարի 28-ից փետրվարի 6-ը Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սոֆի Աբրահամյանը մասնակցել է Միացյալ Թագավորությունում կայացած Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրին:

«Ծրագրի թեման էր «Make a change», որի հիմնական նպատակն էր փոփոխություն մտցնել ինչպես մասնակիցների կյանքում, այնպես էլ տարբեր երևույթների նկատմամբ: Ծրագրի շրջանակում դասընթացներ են վարել խտրականությունից և ծաղրից խուսափելու թեմաներով, կային նաև միջմշակութային երեկոներ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում էին իրենց երկրների առանձնահատկությունները»,- ասել է Սոֆի Աբրահամյանը՝ նշելով, որ մասնակիցները տարել էին իրենց երկրների ազգային ուտեստները: Սոֆին էլ տարել էր արցախյան գաթան: Նա նաև նշել է, որ ծրագրին մասնակցում էին մոտ 40 ուսանող Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելոռուսից, Լիտվայից, Իտալիայից:

«Ծրագրից շատ տպավորված եմ, քանի որ կառուցել ենք միջմշակութային կամուրջ, ձեռք եմ բերել նոր կապեր, ծանոթություններ օտարերկրյա հասակակիցների շրջանում, և փորձ՝ հետագայում նրանց հետ աշխատելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու համար»,- ասել է Ս. Աբրահամյանը՝ հավելելով, որ նման ծրագրերին մասնակցելը ընդլայնում է մասնակիցների աշխարհայացքը, մտահորիզոնը և նպաստում, որ մարտահրավերներին ավելի հեշտ դիմակայեն: