Արցախի պետական համալսարան

IMG 2403 IMG 2417

Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի ծննդյան 62-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները իրենց ելույթներում արժևորել են հաղթանակը կերտելու գործում Վլադիմիր Բալայանի ունեցած դերը՝ ասմունքելով հայրենասիրական բանաստեղծություններ:

«Վ.Բալայանը ապրեց իմաստալից ու հերոսական կյանքով ու դարձավ հավերժի ճամփորդ հանուն Արցախի ապագայի և այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, ովքեր ապրում են նաև մահվանից հետո, իրենց ապրած ամեն մի օրով սերունդներ կրթում ու հայրենասիրության դասեր տալիս»,- ասել է ուսանողուհի Մելինե Ղալայանը:

Հերոսի հասուն գաղափարների, բարի, ազնիվ, նախաձեռնող բնավորության, հայրենասիրության մասին է խոսել ուսանողուհի Սվետլանա Ավանեսյանը՝ նշելով, որ Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողություններին՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան և տալով ընդամենը 7 զոհ:

Միջոցառման ավարտին ներկաները Վլադիմիր Բալայանի և Լեոնիդ Ազգալդյանի ստեղծած Ազատագրական բանակ զորամիավորման և հերոսի սխրագործությունների մասին ֆիլմ են դիտել: