ԱրՊՀ-ում նշվել է գիրք նվիրելու օրը

19.02

2020

IMG 2562g IMG 2574g

IMG 2710g IMG 2684

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Արցախի պետական համալսարանում նշվել է գիրք նվիրելու տոնը: Միջոցառումը կազմակերպվել է ԱրՊՀ գիտական գրադարանի և բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ:

Ներկաներին ողջունել է գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ գիրք նվիրելը միշտ էլ հաճելի է և՛ երեխաների և՛ մեծահասակների համար: Գիրքը հոգևոր և մշակութային արժեք է, իսկ ընթերցելը՝ ժամանակակից:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ ներկաներին շնորհավորել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը. «Հայ ժողովուրդը գրքի հանդեպ մշտապես պաշտամունք է ունեցել, նույնիսկ ցեղասպանության տարիներին հայ մայրը իր զավակին հավասարազոր փրկել է գիրքը կործանումից»:

Արժևորելով բանաստեղծի գրական գործունեությունը՝ նա նշել է, որ Հովհաննես Թումանյանն այսօր արդիական է իր ստեղծագործություններում արծարծած գաղափարներով, խնդիրներով: «Նրա ստեղծագործական ժառանգության առաջին իսկ գործերից մինչև վերջինը համերաշխության, հումանիզմի կոչեր են, և այսօր առավել ևս արդիական են այդ կոչերը, քանի որ պայքարում ենք ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլև ներքին միասնություն ստեղծելու համար»,- ասել է Զ. Սառաջյանը՝ ընդգծելով, որ եթե յուրաքանչյուր մարդ իր մեջ գոնե մի կտոր Թումանյան ապրեցնի և ապրի ազգային ու համամարդկային արժեքներով, երկրի հաջողությունները ավելի շատ կլինեն:

«Գիրքը ոչ միայն գիտելիքների, այլև մարդկային բոլոր արժեքների աղբյուր է, որի շնորհիվ մարդկությանը սերնդեսերունդ փոխանցվում են ամենասուրբ գաղափարներն ու արժեքները»,- ասել է գիտական գրադարանի աշխատակից Ստելլա Աբրահամյանը և ընդգծել, որ բոլոր ժամանակներում առաջադեմ մարդկության ամենաարժեքավոր նվերը գիրքն է:

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ընթերցասեր ուսանողները՝ խոսելով գրքի նշանակության մասին և ասմունքել իրենց նախընտրած բանաստեղծություններից:

Ուսանողուհի Տաթև Ղահրամանյանը ժամանակակից տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում էլ նախապատվությունը տալիս է գրքերին. «Գրքի մեջ կենդանություն կա, շունչ, այնտեղ թափառող մի ոգի կա, որ անընդհատ մեզ հետ է, իսկ էլեկտրոնային տարբերակով կարծես ինչ-որ բան խանգարում է նույն ջերմ շփումը ստեղծելու համար»,- ասել է ուսանողուհին՝ հավելելով, որ գիրքը մի աշխարհ է, որտեղ ներթափանցելու համար ո՛չ ժամանակը, ո՛չ էլ տարածությունը չեն կարող խթան լինել:

Հանդիպման ավարտին ակտիվ ընթերցողները գիտական գրադարանի կողմից պարգևատրվել են գրքերով: