Արցախի պետական համալսարան

IMG 2851 IMG 2884

IMG 2891 IMG 2977

Այսօր` փետրվարի 20-ին, կայացել է ԱրՊՀ խորհրդի նիստը, որի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է հաշվետվություն` 2018-2019 ուստարում կատարած աշխատանքների մասին:

ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նախ շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա առթիվ, ապա անցել նիստի օրակարգային հարցերին:

Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ խորհրդի կազմում չընդգրկված պրոռեկտորներ, դեկաններ,այլ ստորաբաժանումների ղեկավարներ:

Օրակարգի առաջին հարցով ներկաները լսել են ԱրՊՀ ռեկտորի հաշվետվությունը` 2018-2019 ուստարում կատարած աշխատանքների մասին, որոնք իրականացվել են կրթական, գիտական, համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, սոցիալական քաղաքականության և ֆինանսատնտեսական ուղղություններով:

2018-2019 ուսումնական տարում Արցախի մայր բուհն իր գործունեությունը կազմակերպել և իրականացրել է ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին և նպատակներին համապատասխան՝ առաջնորդվելով իր կողմից որդեգրված առաքելության դրույթներով: 2019թ. մարտի 5-ի խորհրդի նիստում հաստատվել է ԱրՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, որին համապատասխան` կազմվել է ժամանակացույց-պլան, որով նախատեսված բոլոր 6 նպատակների իրագործմանը միտված խնդիրների ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ:

«Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` արդյունավետ աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի բարելավման, կրթության բովանդակության հարստացման, դասավանդման որակի բարձրացման, մեթոդների արդիականացման և այլ ուղղություններով: Հիմնովին փոխվել և գիտխորհրդի կողմից հաստատվել են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական բոլոր պլանները՝ հնարավորինս համապատասխանեցնելով բարձրագույն կրթության և աշխատաշուկայի արդի պահանջներին»,-նշել է ռեկտորը:

Գիտության ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո ռեկտորն ընդգծել է, որ համալսարանի հիմնական նպատակը շարունակում է մնալ նրա գիտական ներուժի ուղղորդումը տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության բարձրացման գործում, դասախոսների ներգրավումը հետազոտական աշխատանքներում: ԱրՊՀ հեռահար նպատակը որպես գիտական առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը, ինչը մեր պայմաններում բավականին բարդ է:

Գիտության ոլորտում շարունակվել են աշխատանքներ իրականացվել դասախոսների մասնագիտական աճին ուղղված: Ռեկտորի խոսքով` համալսարանն իր ռազմավարական ծրագրում կարևորում է գիտական գործունեության զարգացմանն ուղղված աշխատանքները՝ որպես նպատակ հռչակելով «Տարածաշրջանային հետազոտությունները Արցախի հիմնախնդիրների լուծման գերակայությամբ»:

«Այդ նպատակին հասնելու համար առանձնացված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է գիտության համար նախատեսվող պետական հատկացումների ավելացման հարցը. նախորդ տարիների համեմատ 2019թ. գիտության հատկացումները եռակի ավելացել են»,-ասել է ռեկտորը:

Խոսելով ձեռքբերումներից` ռեկտորն ընդգծել է հավատարմագրման նախապատրաստման ուղղված լուրջ աշխատանքները, իրականացրած ինքնավերլուծությունը և հատկապես այն հանգամանքը, որ ԱրՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի 47 բուհերի, գիտական և այլ կառույցների հետ:

ԱրՊՀ ռեկտորը ներկայացրել է նաև հաշվետու տարում իրականացված տարաբնույթ միջոցառումները, գիտաժողովները, հրատարակված աշխատությունների թիվը, բուհում գործող կենտրոնների, լաբորատորիաների կողմից կատարված և մյուս աշխատանքները:

Խոսելով առկա խնդիրների մասին` բուհի ղեկավարը նշել է, որ գիտությունը երիտասարդ կադրերին չի հրապուրում, տնտեսությունից առանձին հետազոտական պատվերներ չեն ստանում, համալսարանի դրանից ստացված եկամուտները շարունակում են մնալ զրոյական, ՀՀ դրամաշնորհային ծրագրերին դասախոսների մասնակցությունը` չիրականացված:

«Չնայած քաղաքակիրթ աշխարհը գործում է «կրթությունն առանց սահմանների» կարգախոսով, սակայն ԱՀ բուհերը կղզիացված վիճակում են պետության չճանաչված լինելու պատճառով, և արտերկրի բուհերի հետ շփումները լավագույն դեպքում հնարավոր է լինում իրականացնել ՀՀ բուհերի միջնորդությամբ»,-նշել է ռեկտորը:

ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` ԱրՊՀ-ն մշտապես իր ուշադրության առանցքում պահելու համար:

ԱրՊՀ ռեկտորի հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:

Ֆինանսական տարվա մասին հաշվետվությամբ հանդես է եկել ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանը: Հաշվետու տարում ուսխորհրդի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացրել ուսխորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանը:

Ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, ԱՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լ. Ղարախանյանը, ովքեր բարձր են գնահատել ԱրՊՀ ռեկտորի կատարած աշխատանքը: