Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախի պետական համալսարանում կայացել է հանդիպում ԱՀ արտաքին գործերի նախարար, ԱրՊՀ խորհրդի անդամ, 2020 թ. ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ, որին ներկա էին «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ:
2020թ. ԱՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված Մասիս Մայիլյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով երկրի զարգացման իր տեսլականը և ծրագրային դրույթները: Նրա խոսքով՝ հանդիպման նպատակն է ներկաներին իրազեկել ծրագրային դրույթները, լսել քաղաքացիների առաջարկներն ու նրանց հուզող խնդիրները՝ հետագայում դրանք իրենց ծրագրում արտացոլելու նպատակով:
Ներկաները հնչեցրել են մի շարք հարցեր և առաջարկություններ, որոնք վերաբերում էին կրթության, տնտեսության, անվտանգության ոլորտներին, բանակցային գործընթացին, գյուղական համայնքների զարգացմանը և այլ բնագավառների:
Ելույթներով հանդես են եկել նաև «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և իրազեկել, որ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև նախագահի մյուս թեկնածուների հետ, ովքեր կներկայացնեն նմանատիպ առաջարկություն: