ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, ԱՄՈՒՐ ՈՒ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ...

25.02

2020


Liana-banaserԱսում են` հայրենասիրությունն ու ազգասիրությունը ամենազորեղ զգացմունքներն են, և հզոր է այն ազգը, որի զավակները գիտեն իրենց պատմությունը, սիրում են հողը, ծանոթ են նախնիների սխրագործություններին և շարունակում են նրանց գործը: Իսկապես, հայն այդպիսին է` հզոր իր բանակով և անպարտ` ոգու ամրությամբ: Իսկ Արցախյան շարժումը այդ ամենի վառ ապացույցն է: 
Պատերազմ հրահրողները երբեք չեն հասկանա, թե ինչ է հայրենի բնօրրանի կորուստը, ինչ է պանդխտությունը, և թե ինչ է խաղաղությունը պատերազմող ժողովրդի համար:

Խաղաղություն... թանկ մասունք` վաստակված հազարավոր զոհերի գնով: Մեղեդային այս բառն այնքան գեղեցիկ է հնչում: Բայց միայն մի արկի պայթյունով, մի գնդակի սուլոցով խաթարվում է այն: Այնքա՜ն հեշտ է պատերազմ սկսելը և այնքա՜ն դժվար նորից խաղաղությունը վերահաստատելը:

Կարծես անեծք լինի կախված մեր ժողովրդի գլխին. լինելով հաշտ ու խաղաղասեր ազգ, ստիպված ենք լինում դաս տալ մեր թշնամուն, քանի որ նա միշտ ձգտում է իր կեղտոտ մռութը խոթել մեր երկիր և բռնանալ մեզ վրա: Այդպես եղավ նաև Արցախյան շարժման ժամանակ: Նրանք ուզում են, որ հայը լինի լուռ, գլխիկոր ու խոնարհ, կարծելով, թե պատմական այդ խայտառակ սխալը պետք է հավերժ մնա: Թշնամին չկարողացավ թմրեցնել մեր զգոնությունը, նրանց չփրկեց իրենց վաղեմի երկերեսանիությունը: Ուղղակի զարմացած էին. որտեղի՞ց հային այսքան համարձակություն: Թշնամին ծանոթ չէր արցախցու «հաստակող» բնավորությանը: Եվ դա եղավ 70-ամյա գարշելի լուծը թոթափելու միակ միջոցը: Խորհրդային միության փլուզումը խթան հանդիսացավ, որպեսզի արցախահայությունը իր բողոքի ձայնը բարձրացնի ի լուր աշխարհի` մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջով: Սակայն հակառակորդի գառան դիմակի հետևում թաքնված էր ոճրագործի իրական դեմքը, այն տեսակը, որին բնորոշ են եղեռնագործի չարանենգ ու դավադիր հատկանիշները: Դրանց դրսևորումները   Սումգայիթի ջարդերը, Բաքվի կոտորածները, Մարաղայի կոտորածն էին... Եվ սկսվեց չհայտարարված պատերազմը: Եղավ այն, ինչին մենք պատրաստ չէինք, սակայն սպասում էինք…

Դա լոկ պատերազմ չէր, այլ գոյամարտ` հանուն անկախության, ազատության իրավունքի, հանուն հայրենի հող ու ջրի և նախնիների վրեժի: Պատերազմը մեծ ու փոքր չճանաչեց, այն համախմբեց բոլորին` սուրբ նպատակի համար: Օրակարգում Արցախի ինքնորոշման հարցն էր դրված: Հայ մարտիկներն իրենց կյանքն անգամ չխնայեցին հայրենիքի համար: ...

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը...»

Շատ տեղին է ասել լեգենդար Ավոն: Փաստորեն, մենք նոր էջ բացեցինք հայոց պատմության բազմահատորյակում: Քաջ գիտակցելով «Գիտակցված մահն անմահություն է» հայտնի ճշմարտությունը` հայ քաջերը նետվեցին մարտի և իրենց արյունով եզրագծեցին Արցախի սահմանները: Իսկ հրաշքը կատարվեց 1992թ., երբ հայ ազգի նվիրյալները, ապավինելով իրենց բազկի զորությանը, ազատագրեցին Շուշին` հայոց բերդաքաղաքը: Տեսնելով, որ գնալով անհնարին է դառնում հային կառավարելը, ազգային խայտառակությունից փրկվելու համար թշնամին զինադադար խնդրել:

Աշխարհի գերտերությունների անտարբերությունը հնարավորություն տվեց ապիկար ու սանձարձակ Ադրբեջանին ևս մեկ անգամ հաղթելու ակնկալիքով շարունակելու կիսատ թողած գործը, վկան` Ապրիլյան քառօրյան: 18-20-ամյա մեր արիասիրտ հերոսները անսասան պահեցին Արցախի սահմանները:

Անկախություն հաստատելու և այն պահպանելու քառուղիներում շատ հայորդիներ զոհվեցին և դարձան վառ հուշ: Այդ հուշերը կփոխանցվեն դարեդար մեր խոսքի, պատմության և հուշարձան-կոթողների միջոցով: Ցավոք, մենք հարուստ ենք հուշ-կոթողներով, դրանք մեր սրտի ճիչն ամփոփում են իրենց մեջ, շունչ ու հոգի դառնալով քարի մեջ` ավանդվում են սերնդեսերունդ:

Այլևս չեմ ուզում խոսել պատերազմի մասին, թող էլ երբեք մարտի հրաման չհնչի, երկինքը պարզ ու խաղաղ լինի: Բա՛վ է, քաղաքակիրթ աշխարհ, ունկնդիր եղիր արցախցու կանչին:

Երկրին խաղաղություն է պետք, ամուր ու կայուն խաղաղություն...

Լիանա Մովսեսյան,հայոց լեզու և գրականություն 2-րդ կուրս

Обновлено 25.02.2020 06:21