Մենք ընթերցում ենք, ոմանք՝ նույնիսկ շատ

25.02

2020

There are no translations available.

NanezruycԳիրք ընթերցելը երևի թե ամենաօգտակար զբաղմունքն է, երբ ունես ազատ ժամանակ: Նախ ընդլայնվում է բառապաշարդ, հետո` մարդկանց հետ զրուցելու նոր թեմաներ ես ունենում: Թեմայի շրջանակներում զրուցեցինք լրագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանի հետ:

-Շողե´ր, ի՞նչ տեղ է գրավում ընթերցանությունն այսօր քո կյանքում:

-Հակառակ այն կարծրատիպին, որ երիտասարդները գիրք չեն ընթերցում, շտապեմ ուրախացնել ավագ սերնդի բոլոր անհանգստացած ներկայացուցիչներին՝ մենք ընթերցում ենք, ոմանք՝ նույնիսկ շատ։ Եթե ազնվությամբ, չեմ կարող ասել, որ ամբողջ ազատ ժամանակս տրամադրում եմ ընթերցանությանը, ապրում քաղաք-գրադարանում և շփվում միայն թղթի վրա ապրող հերոսների հետ։ Բայց գրքերը այսօր իրականությունից թաքնվելու և այդ նույն անխուսափելի իրականություն ավելի փորձառու վերադառնալու իմ ամենասիրած միջոցն են։ Գրքերը օգնում են, որ ավելի լավ հասկանամ մարդկանց և ինքս ինձ։

-Ինչպիսի՞ գրքեր ես նախընտրում ձեռք բերել և կարդալ:

-Տանը ունենք մեծ գրադարան, որ երկար տարիների ընթացքում հարստացվել է մեր ընտանիքում հայկական և ռուսական դասական գրականության սիրահարների ջանքերով։ Իսկ ես այսօր գրադարանը հարստացնում եմ հիմնականում արտասահմանյան ու ժամանակակից գրականությամբ։ Ձեռք եմ բերում ամենատգեղ կազմով, բայց ամենախոստումնալից հեղինակների գրքերը։

-Հիշու՞մ ես քո կարդացած առաջին գիրքը կամ ո՞րն է վերջին կարդացած գիրքդ: Ինչպիսի՞նն էին տպավորություններդ:

-Ջոել Հարիսի «Քեռի Ռիմուսի հեքիաթները» գրքի և տատիկիս անսահման համբերության շնորհիվ ես սովորել եմ ընթերցել։ Ամեն նոր գլխի վերնագիրը ընթերցելը ինձ տրված առաջին պատասխանատու հանձնարարությունն էր։ Բացի դրանից Քեռի Ռիմուսը սովորեցրեց, որ սրամտությունը (չհաշված արագ շարժվող ոտքերը) դժվարությունների դեմ ամենաօգտակար գործիքն է։

«Փոքրիկ իշխանը» երևի թե առաջին գիրքն էր, որ ընթերցել եմ ինքնուրույն, և հաստատ առաջինը, որ վերցրել եմ գրադարանից։ Այսօր իմ ամենասիրելի գրքերից է, բայց 5-6 տարեկանում գրքին ծանոթանալուց հետո ես եկել էի միայն մի եզրահանգման՝ վարդերը մեծամիտ են։

Իսկ այս մի քանի օրը ես վերջապես սկսել եմ ընթերցել Վարդգես Պետրոսյանի «Հավասարում բազմաթիվ անհայտներով» հրապարակախոսությունների ժողովածուն։ Սիրում եմ Վարդգես Պետրոսյանի գրական լեզուն ու աշխարհայացքը, մոտեցումը կյանքին։ Նա կարծես մշտական խորհրդատու լինի։ Բայց խորհուրդները ավելի շատ ընկերական են, տալիս են քեզ մտածելու և ընտրություն կատարելու անձնական ազատություն։

-Գրքում ի՞նչն է առաջին հերթին քո ուշադրությունը գրավում:

-Թեման, խնդիրը, իրավիճակը կամ տրամադրությունը, որ փորձում է պատմել ինձ հեղինակը և միանշանակ հեղինակի ձեռագիրը։ Որովհետև ես ընթերցում եմ նաև սովորելու համար։ Շատ ավելի նախընտրելի է Ուայլդի գեղեցիկ բայց բարդ բառընտրությունը և հերոսները, որոնց ապրումակցում ես, քան Կոելիոյի պարզունակ լեզուն և ինչ-որ տեղ արդեն ասված ու լսված պատմությունները։

-Կարո՞ղ ես կիսվել հետաքրքիր պատմությամբ կապված գրքերի և ընթերցանության հետ:

-Հեսսեյի «Դեմիան»-ից աննկարագրելի տպավորված լինելը ստիպել է ինձ գնել նրա «Տափաստանի գայլը»։ Երկու անգամ։ Հայերեն և ռուսերեն թարգմանությամբ։ Երբ ոգևորվածությունս փոքր ինչ անցավ, օրեցօր առավել քան ակնհայտ էր դառնում, որ մի գիրքը ինձ ավելի քան բավական էր։ Եվ հայերեն տարբերակը մնում էր իր գեղեցիկ փաթեթավորման մեջ, չբացված, պարզապես որովհետև ես զգում էի, որ գիրքը ինձ համար չէ, բայց նաև հասկանում էի, որ իմ ընկերների համար այն լավ նվեր չի լինի՝ իր բովանդակային յուրատիպության պատճառով։

Գիրքը ես նվիրեցի ինձ անծանոթ մի երիտասարդի երիտֆորումներից մեկի ժամանակ, երբ վիճակահանության կապույտ թերթիկը ստիպեց ինձ լինել նրա գաղտնի ընկերը։ Նվերս հասավ ոչ առանց արկածների ու միջնորդների օգնության։ Իսկ ահա նրա ոգևորված արձագանքը ստացա ավելի արագ։ Պարզվեց, որ նոր ընկերս ընթերցում էր այդ գիրքը իր զինակցի հետ ծառայության ընթացքում։ Ծառայությունը ավարտվեց, իսկ սիրած գիրքը մնաց իր ընկերոջ մոտ։ Ուստի իմ նվերը լավագույն ընտրությունն էր, որովհետև վերադարձրեց մոռացված հուշեր։ Շատ պատահական ու շատ երկար սպասելուց հետո իմ գիրքը գտավ իր իրական ու արժանի տիրոջը։

-Ինչպիսի՞նն է քեզ համար հետաքրքիր գիրքը: Այն ընթերցելուց հետո ինչպիսի՞ հարցեր են առաջանում քեզ մոտ:

-Ես ուզում եմ ընթերցել գրքեր, որ նորություն կլինեն ինձ համար, կստիպեն մտածել ու պատկերացնել իմ կյանքում դեռ երբեք չպատահած, բոլորովին նոր իրավիճակներ։ Կամ կբացահայտեն հինը՝ անսպասելի տեսանկյուններից ու նոր մոտեցմամբ։ Գիրքը հետաքրքիր է, երբ այն համոզում է քեզ ապրումակցել։ Հետաքրքիր գիրքը նաև ստիպում է քեզ մի քիչ փոխվել։

Ամենահիմնական հարցը, որի շուրջ մտածում եմ ցանկացած գրքի ավարտից հետո՝ ինչի՞ համար է այս գիրքը գրվել, ի՞նչ էին ինձ փորձում ասել։

-Ունե՞ս հարց, որը կցանկանայիր ուղղել քո սիրելի գրողին:

-Պրն Բրեդբերի, ինչպե՞ս ես փրկեմ Մարսի բնակիչներին մարդկությունից։

-Կա՞ մի այնպիսի գիրք, որ խորհուրդ կտայիր ընթերցել հասակակիցներիդ և ինչու՞:

Գուցե Ալեքսանդր Վոլկովի «Զմրուխտ քաղաքի հրաշագործը»։ Այն միանշանակ հեքիաթ է, բայց ունի ավելի քան անհրաժեշտ ուղերձ 16-20 տարեկան երիտասարդներին՝ եղեք փոքր ինչ ավելի ինքնավստահ։ Դուք կարող եք ավելին, քան երբևէ պատկերացրել եք։ Հավատացեք ինքներդ ձեզ։

Հարցազրույցը` Նանե Հարությունյանի, լրագրություն 3-րդ կուրս