Արեվածաղիկներ

25.02

2020

There are no translations available.

arevacaxikՄեր տանից տատիկենց տուն տանողը մի բարակ ուղի է: Երկարությունը 100 մետր չի լինի, իսկ լայնությունը…Շատ նեղ է: Երկու կողմում, հավասար ու խնամված մարգերում տատիկը ցանում է կարտոֆիլ, լոբի, պոմիդոր, կանաչիներ…իսկ ճանապարհի երկայնքով, իրար շատ մոտ արևածաղիկներ էլ չի ցանում: Մի քանի տարի է: Աճում էին ու բարձրանում, բարձրանում ու ծաղկում: Որ շատ էին բարձրանում, հենվում էին իրար, ուղին դառնում էր կածան, սիրունանում էր: Արևածաղիկները ցերեկը նայում էին արևին, գիշերը մեզ ու փորձություն էր մութ ժամանակ անցնել քեզ նայող հսկա արևների միջով: Փորձությունը հաղթահարում էի ամեն օր.

Միշտ մի բան գտնում էին տանել-բերելու: Վերադառնալիս տատիկը կանգնում պատշգամբում ու հարցնում էր ամեն անգամ՝ հո չե՞ս վախում: Հայացքով ուղեկցում էր ինձ մինչև երևամ մեր լուսավորված դռան առաջ ու ձեռքս թափահարեմ օդում՝ ի նշան իմ գործած սխրագործության…Թեև տատիկն այդպես էլ չիմացավ, որ դա իսկապես այդպես էր: Մի օր տատի միջնորդությամբ ձեռք բերեցի շատ փոքրիկ հողակտոր իր հողամասի ծայրում: Իմ սեփական հողամասը, որ արևածաղիկներ ցանեմ: Նախօրոք թրջած սերմերը միասին ու միանգամից դրեցի հողի մեջ, ծածկեցի ու ջրեցի: Շատ լավ ստացվեց, դեռ ավելին՝ աճեցին: Միասին ու միանգամից: Իմ հողամասում իսկական ծաղկեփունջ էր հասունանում: Երբ բերքահավաքի ժամանակը եկավ, տատի արևածաղիկները մաքրեցինք ու տարանք տանիք, իսկ իմ արևածաղիկները կարծեմ միայն ես էի ուտում…Ծաղկելը նրանց վերջին առաքելությունն էր, սերմերը չէին հասել:

            Ճանապարհի 2 կողմում տատիկը արևածաղիկ էլ չի ցանում: Ես էլ: Տարիներ են անցել: Այսօր, երբ դրսում մե՜ծ փաթիլներով ձյուն է գալիս և պատշգամբից իրար նայողը ես ու երևացող 14 շենքերն ենք՝ իրենց բազմաթիվ անտենաներով, ինչո՞ւ հանկարծ հիշեցի արևածաղիկները: Մանկության, երազի ու երազանքի գույն, երազային արևածաղիկերը: Դրսում հագած-կապած, շտապող մարդիկ չե՞ն վախենում. այդքան միայնակ ու անպաշտպան դուրս են եկել տանից: Տեսնես կա՞ մեկը, որ կանգնում է պատշգամբում ու հայացքով ճանապարհում նրանց, որ հարցնում է ամեն անգամ՝ հո չե՞ս վախում և որ արևածաղիկներ ունի: Կամ ծաղկեփունջ: Ինձ թվում է փոքրիկ քաղաքներում սրտերը քիչ-քիչ փոքրանում են ու արդեն դժվար է այնտեղ և մարդկանց և երազանքներ պահելը: Մարդիկ հազիվ իրենց գլուխն են պահում: Սրտի մասին հոգալու ժամանակ չկա: Այս փոքրիկ, մառախուղի մեջ կորած քաղաքում, կիսատ ու մոռացված երազանքերի մեջ քո հոգատար ձեռքերն ինձ ինչքան են անհրաժեշտ, տատ ջան:

            Տատը 2 կոնֆետ է ընտրում, իմ ու իր համար: Առավոտ է և օդում հացի բույր կա, սուրճի բույր, վառարանի ձայն: Թեթև է օրը, ձմեռ է: 2 բաժակներում առավոտյան սուրճը չի սառում հակառակ իմ միայնակ խմած բազմաթիվ անգամների: Ի՜նչ տաք է տունը: Միշտ: Տատը անջատում է հեռուստացույցը, գալիս, նստում կողքիս ու իր հացի նման ձեռքերով վերցնում փոքրիկ բաժակը: Կապույտ աչքերի մեջ առաջվա հանգստությունն է: Ուզում եմ հարցնել . Այդքան փոքրիկ քաղաքում շա՞տ չեն այդքան անտենաները:

Վառվող փայտի ձայնն էլ չի լսվում, միայն կոնֆետի թղթի ձայն է իմ ձեռքում:

-         Տատ, էն արևածաղիկներն ինչո՞ւ էիր իրար էնքան մոտիկ ցանում,- հարցնում եմ:

            Մեր տանից տատիկենց տուն տանողը մի բարակ ուղի է: Երկարությունը 100 մետր չի լինի, իսկ լայնությունը…Երկուսուկես ոտնաչափ է: Այսօր չափեցի:

Արաքս Միրզոյան, լրագրություն 4-րդ կուրս