Փետրվարի 25-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը նշել է հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը: Միջոցառմանը մասնակցող տարբեր ֆակուլտետների ուսանողները հանդես են եկել երաժշտական կատարումներով, ելույթներով՝ ներկայացնելով նրա ստեղծագործական կյանքը և ասմունքել նրա հանրահայտ բանաստեղծություններից:
«Թումանյանական մեր հոգին միշտ արթուն է, և ուսանողները երաշխավորն են այն փաստի, որ Թումանյանը միշտ մեր սրտերում է: Նրա հեքիաթներն են մեր մանկության սկիզբ դնողն ու կերտողը, որով էլ զարգանում է մեր աշխարհաճանաչողությունը»,- նշել է բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ինեսսա Առուստամյանը՝ ընդգծելով, որ Հ.Թումանյանին սիրելով ու ճանաչելով կունենան նրա փիլիսոփայական մտքի տիեզերական մասից մի փոքրիկ մասնիկ:
Ուսանողուհի Տաթև Ղահրամանյանն իր ելույթում ասել է, որ հայոց լայնարձակ դաշտերի ծիլ ու ծաղկի, լեռնաշխարհի, ժողովրդի պատմությունն է Թումանյանի գործերում։
«Նա ներկայացրել է հայ մարդու աշխարհամտածողությունն ու սերն առ հայրենի բնաշխարհը: Նա իմ պապիկի և իմ հեքիաթագիրն է, մարտերից հետո իրենց զենքը փայլեցնող մեր հայրերի ու եղբայրների ոգեկոչողը, անհաս բարձունքների մեր ապավենը, մեր Ամենայն հայոց բանաստեղծը»:
Միջոցառմանը ներկա բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու և հետաքրքիր ելույթների համար: