Իրականության դարձած երազանք

19.09

2012

Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողների երազանքն իրականություն դարձավ. մայր բուհի հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետին կից ստեղծվեց հեռուստատաղավար, որտեղ ապագա լրագրողները կարող են իրենց առաջին քայլերն անել` տեսական գիտելիքները կիրառել գործնականում և այն էլ` սեփական ստուդիայում: Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ հեռուստատաղավարի հանդիսավոր բացումը, որին ներկա էր համալսարանի ղեկավարությունը:

   Բացման խոսքում բուհի հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը, ում ջանքերով, ի դեպ, իրականացվել է ուսանողների երազանքը, շնորհավորեց ուսանողներին` հույս հայտնելով, որ հեռուստատաղավարը կծառայի նպատակին: Նրա խոսքերով` Արցախի հանրային հեռուստատեսության տնօրենության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` հեռուստատեսության համապատասխան մասնագետի օգնությամբ լրագրության բաժնի ուսանողները տեղում կպատրաստեն հաղորդումներ և նկարահանումներ` եթեր հեռարձակելու համար: Իսկ հետագայում` հմտանալուց հետո նրանց կտրամադրվի նաև եթերաժամ: Ֆակուլտետի դեկանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը` հեռուստատաղավարի ստեղծման գործին աջակցելու համար:
   Հարկ է նշել, որ ապագա լրագրողներից մեծ ակնկալիքներ ունի հենց հաստատության ղեկավարը: Հաճելի առիթով շնորհավորելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը նշեց, որ ոչ բոլոր համալսարաններն են, որ ունեն այսպիսի հնարավորություն: Ուստի բաժնի ուսանողներից ակնկալում է բեղմնավոր, որակյալ աշխատանք: Ուսանողների հետ իր ուրախությունը կիսեց և երևույթը արժևորեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ով երկար տարիներ եղել է հայ գրականության և լրագրության ամբիոնի վարիչը: Նա նույնպես փաստեց, որ լրագրության բաժինը տեխնիկական վերազինման կարիքը վաղուց էր զգում, բայց հաջողվեց միայն այսօր: <<Լրագրողն իր տաղանդը դրսևորում է նաև խոսքի և պատկերների համադրության միջոցով: Սա թանկարժեք նվեր է ուսանողներին, ինչը կնպաստի նրանց արագ աճին, նրանց զարգացմանը: Համալսարանի որևէ բաժնի հաջողություն խոսում է այդ հաստատության օգտին>>,- ասաց Ս. Խանյանը: Լրագրության բաժնի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանն իր հերթին հավաստիացրեց, որ տեխնիկապես հագեցած հեռուստաստուդիան կնպաստի իրենց մասնագիտական ունակությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Որ ջանք ու եռանդ չեն խնայի` ոլորտում լուրջ մասնագետներ դառնալու և Արցախի լրագրողական դաշտը համալրելու համար:
   Հավելենք, որ ներկայումս ԱրՊՀ լրագրության բաժնում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես այստեղ դասավանդում են միայն լրագրության մասնագետներ: Բացի այդ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ` ապագա լրագրողների համար հաճախակի են կազմակերպվում օնլայն դասախոսություններ, որոնք վարում են հայաստանյան առաջնակարգ մասնագետներ: Իսկ տեղում էլ վաստակաշատ լրագրողների հետ հանդիպումները փորձի փոխանակման իսկական դպրոց են հանդիսանում նրանց համար: