Միջոցառում՝ նվիրված ԱրՊՀ վաստակավոր դասախոս Աշոտ Ներսիսյանի ծննդյան 75-ամյակին

10.03

2020

IMG 3650 IMG 3638

Մարտի 10-ին Արցախի պետական համալսարանում կայացել է միջոցառում՝ նվիրված բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնում երկար տարիներ աշխատած, ֆ.մ.գ.թ., դոցենտ Աշոտ Ներսիսյանի ծննդյան 75-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է մաթեմատիկայի ամբիոնի և բնագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ, որին ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, Ա. Ներսիսյանի հարազատներ:

«Նա կանգնած է եղել համալսարանի հիմնադրման ակունքներում և եղել է ինչպես հիանալի դասախոս, մաթեմատիկ, այնպես էլ հիանալի մարդ, ով կարողանում էր մաթեմատիկան կապել այլ գիտությունների հետ»,- ասել է մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանը:

Դուստրը՝ Շուշանիկ Ներսիսյանը, որը աշխատում է ԱրՊՀ-ում, շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու համար. «Հայրս 1969 թվականից դասախոսում էր համալսարանում, որը իր համար 2-րդ ընտանիք էր: Նա շատ ավանդապաշտ էր, խելացի մանկավարժ, մեծ հայրենասեր ու միշտ հորդորում էր վառ պահել հերոսների հիշատակը: Նրա մեջ հավասարաչափ բաշխված էին և՛ խստությունը, և՛ բարությունը, և՛ հոգատարությունը. նա հոգատար էր ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ ուսանողների հանդեպ»,- ասել է նա՝ նշելով, որ միշտ մեծ սիրով էր լսարան մտնում՝ ձգտելով ուսանողներին փոխանցել իր բոլոր գիտելիքները:

Ելույթներով հանդես են եկել մաթեմատիկայի ամբիոնի դասախոսներ՝ ներկայացնելով դրվագներ աշխատանքային համատեղ գործունեության տարիներից՝ նշելով, որ միշտ հաշվի էին առնում Աշոտ Ներսիսյանի տված խորհուրդները:

Միջոցառման ավարտին ուսանողները հանդես են եկել գիտական ընթերցումներով՝ անդրադառնալով մաթեմատիկայի պատմությանը, հայտնի մաթեմատիկոսներին: