ԱրՊՀ-ում կայացել է «Հաղթանակի մեղեդի» գրքի շնորհանդեսը

11.03

2020

IMG 3939 IMG 4050

Մարտի 11-ին Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանում կայացել է գրող, լրագրող Անահիտ Գաբրիելյանի «Հաղթանակի մեղեդի» գրքի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին գրադարանների աշխատակիցներ, դասախոսներ, ուսուցիչներ, ընթերցասեր ուսանողներ և հեղինակի հարազատներից:

Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով հեղինակին անսպառ ուժի, եռանդի համար՝ նշելով, որ Անահիտ Գաբրիելյանի պոեզիան շնչում է լավատեսությամբ և իր ընթերցողին ներարկում է լավատեսություն:

«Գիրքն ընդգրկում է բանաստեղծություններ, պատմվածքներ և մանրաքանդակներ, որտեղ հեղինակը պարզ ու անմիջական երկխոսությամբ զրույցի է բռնվում ընթերցողի հետ և իր երկրի ու քաղաքացուն բաժին հասած ճակատագրի պատմությունն է ներկայացնում՝ ցույց տալով, որ հայը տառապանքից իմաստնանում է, բայց երբեք չի ընկրկում դժվարության առջև, կարողանում է խիզախման ելքի դուռ գտնել և իր առջև փակված բոլոր դռները բացել կախարդական բանալիով, որը լավատեսությունն է»,- ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ հեղինակն իր մեջ կրում է Աստծո լույսը՝ տարածելով իր շրջապատում, և գիրքը լույսի մի պատառիկն է ուղղված բոլորին:

«Գիրքը լույսի փնտրտուք է, որը միշտ եղել է թե՛ ստեղծագործողի և թե´ ընթերցողի մեջ, ապրելու իրավունքի գովք է, ռեալիզմի համապարփակ արտահայտություն է, որովհետև պարունակում է և՛ զգացում, և՛ խինդ, և՛ մորմոք, և ՛թախիծ»,- իր ելույթում նշել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., պրոֆեսոր Անահիտ Աթայանը:

Նույն ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը ասել է, որ Անահիտ Գաբրիելյանը ունի անտեսը տեսնելու, զգալու, զգացածը հոգու և սրտի երակներով անցկացնելու, գրանյութ դարձնելու, տողը ստեղծաբանողի հուզաշխարհին հանձնելու նուրբ զգացողության և հմուտ գրիչ՝ հավելելով, որ հեղինակն ականջալուր է և ականատես հայրենիքի ճակատագրին հասնող հարվածներին, թշնամու մոլեգնած բնույթին, վախկոտ պահվածքին, պարտվողի հոգեբանությանը:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, ըստ գրքի ստեղծագործությունների, տվել է հեղինակի հոգեկան վիճակի ախտորոշումը՝ նշելով, որ առերեսումը շատ է նրա ստեղծագործություններում:

«Գրքում հաճախակի են օգտագործված հաղթանակ, խոստովանություն, խաչ, խիղճ, առերեսում բառերը, որոնք արժեքային համակարգ են ներկայացնում: Գրքի վերնագիրը հուշում է, որ հեղինակը տիրապետում է հոգեկան վիճակին և հաղթանակը գլուխ է բարձրացրել նրա մեջ»:

Ուսանողները ևս հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով հատվածներ հեղինակի ստեղծագործություններից:

Անահիտ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու, գիրքը արժևորելու, բարձր գնահատականներ հնչեցնելու համար և իր գրքերից նվիրել գրադարանին ու ներկաներին: