Արցախի պետական համալսարան

94954318 1124084134594731 2426103661164756992 n 94330458 1124084174594727 844107471919251456 n

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի համավարակի պատճառով Արցախի Հանրապետությունում չեղարկվել են: Թեմայի շուրջ, սակայն, հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու համար համալսարանականները այլընտրանքային մի շարք ուղիներ են գտել։

 Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը Zoom հարթակի միջոցով նախաձեռնել է առցանց դաս-կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։ Դաս-կոնֆերանսին մասնակցում էին ուսանողներ և բուհի շրջանավարտներ։

Նախքան քննարկումներին ու զեկույցներին անցնելը՝ միջոցառման կազմակերպիչ Նունե Սարումյանը առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Լռության րոպեից հետո արդեն ավանդական դարձած քննարկումներն էին։

Դաս-կոնֆերանսի մասնակիցները հաստատել են, որ լսարանից առցանց տիրույթ տեղափոխվելով՝ ապրիլի 24-ի գաղափարն ու պահանջը չի փոխվում։

105 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունն են հիշել, խոսել դրան հաջորդած գործողությունների մասին։ Մի շարք պետություններ այսօր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ճանաչողների կողքին, սակայն, այսօր էլ դեռևս կան ժխտողական քաղաքականության ջատագովներ։

Կազմակերպված դաս-կոնֆերանսին մի շարք ուսանողներ հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել մեկդարյա պատմություն ունեցող ոճրագործության պատճառները և ունեցած հետևանքները։ Եզրակացությունը մեկն է՝ 105 տարի անց էլ սերունդները հիշում և պահանջում են։

Արմինե Պետրոսյան, «Քաղաքագիտություն», 4-րդ կուրս