Արցախի պետական համալսարան

87884273 1083136755356136 2799656556243714048 n

Ապրիլի 23-ին կայացել է ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են հեռավար ուսուցման ընթացքի, 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման համակարգի կուրսային աշխատանքների, ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների, լուծարքի և ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցում փոփոխություն կատարելու և ուսման վճարների գանձման ընթացքի մասին հարցերը և կայացվել որոշումներ:

Համաձայն գիտխորհրդի նախորդ նիստի համապատասխան որոշման և հանրապետությունում մինչև մայիսի 12-ը հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված` ռեկտորատի նիստում քննարկվել և որոշում է կայացվել առկա ուսուցման համակարգի կուրսային աշխատանքների, ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների, լուծարքի և ամփոփիչ ատեստավորման գործող ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները`

-առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի ու մագիստրատուրայի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումներն ու լուծարքը կազմակերպել մայիսի 18-25-ը:

-առկա ուսուցման համակարգի կուրսային աշխատանքների հանձնումը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կազմակերպել մայիսի 26-30-ը, ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը` հունիսի 10-15-ը: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել ս.թ. մայիսի 20-ը:

Օրակարգի հաջորդ հարցով ֆակուլտետների դեկանները տեղեկատվություն են ներկայացրել հեռավար ուսուցման ընթացքի մասին: Ըստ տեղեկատվության` պարապմունքներն ընթանում են կազմակերպված, գործող դասացուցակին համապատասխան:

Օրակարգի մյուս հարցով հաշվապահական հաշվառման բաժնի պետ Ն. Գրիգորյանը ներկայացրել է տեղեկատվություն ուսման վճարների գանձման ընթացքի մասին:

Ռեկտորատի որոշմամբ դեկաններին, ՈւՀՏԱ և կարիերայի բաժնին հանձնարարվել է այդ ուղղությամբ ուսանողների հետ բացատրական աշխատանքներ տանել, իսկ ավարտական խմբերի ուսման վարձավճարների վերջնաժամկետ սահմանել 2020թ. մայիսի 10-ը: