Լույս է տեսել «Արցախի ժողովրդագիտությունը. Ազգագրություն» գիրքը

28.04

2020

94483944 1126526417683836 827932277190164480 oԱրցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ տպագրվել է «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի առաջին հատորը՝«Արցախի ժողովրդագիտությունը.Ազգագրություն»՝ աշխատասիրությամբ և ընդհանուր խմբագրությամբ բ.գ.թ., դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանի:

«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարը, որը հիմնադրվել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ և նվիրվում է մայր բուհի հիմնադրման 50-ամյակին, իր մեջ կընդգրկի Արցախի ժողովրդագիտության երեք բնագավառներին` ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառին վերաբերող և առնչվող այն հիմնական ուսումնասիրությունները, աշխատությունները, ժողովածուները, հոդվածները, գիտական զեկուցումները, ճանապարհորդական նոթերը, հուշագրությունները և այլ նյութերը, որոնք գրառվել ու հրատարակվել են հայ և օտարազգի տարբեր ազգագրագետների, բանագետների ու բանահավաքների, բարբառագետների, այլ բնագավառների գիտնականների, հասարակական ու եկեղեցական գործիչների, ճանապարհորդների, գրողների, Շուշի քաղաքի և որոշ գյուղերի ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու տեսուչների կողմից 19-րդ դարի կեսերից առ այսօր:

Յուրաքանչյուր բնագավառին վերաբերող առաջին հատորի առաջաբանում կտրվի տվյալ բնագավառի ուսումնասիրության պատմությունը, իսկ եզրափակող հատորի վերջում` ամբողջական մատենագիտական ցանկը` ամփոփ նկարագրություններով:

Նյութերը կներկայացվեն որոշակի խմբագրությամբ և սրբագրությամբ (բացառությամբ բարբառով գրառված նյութերի)` ընդհանուր առմամբ համապատասխանեցնելով ուղղագրության ու տառադարձության արդի սկզբունքներին: Բնօրինակներում ընդգրկված լուսանկարները, գծագրերը, քարտեզները և այլ բնույթի պատկերները, վերջում տրված ծանոթագրությունները, անձնանունների ու տեղանունների ցանկերը հատորաշարում հիմնականում չեն ներառվի:

Մատենաշարի առաջին` սույն հատորում ընդգրկված են 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկզբները (նախախորհրդային շրջան) հրատարակված` Արցախի ազգագրությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող ուսումնասիրություններ: