Արցախի պետական համալսարան

 1-1«Լուսաբացին, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, մենք դուրս եկանք մեր տան մոտ գտնվող բլրակը և նայեցինք դեպի այն կողմը, որտեղ գտնվում էր քաղաքը: Հրանոթների ձայները լռել էին, օդ էին բարձրանում լուսավոր համազարկեր, և այդ ամենի միակ վկան պարզկա լիալուսինն էր, որը երկնքից ընկերակցում էր մեր բերկրանքին» ,- հիշում է մայրս:

Եվ անասելի հպարտությամբ պատմում մեզ, թե ինչպիսի զգացողություններ են ունեցել այդ օրերին: Պատմում է, և արյունս սկսում է եռալ երակներումս, սրտիս զարկերն արագանում են, հոգիս համակվում է հպարտությամբ, և հայացքս, արծվի կերպարանք ստանալով, սլանում է դեպի ժողովրդիս պատմական անցյալը: Մերթ գնում է Ավարայրի հրկեզ դաշտը, տեսնում, թե ինչպես են հավերժանում մեր հայրենապաշտ հերոսները, մեր մայրերն աղոթում հայերեն՝ առերեսվելով կրակապաշտության հետ, և մնում բարոյապես հաղթած: Մերթ ճախրում է Սարդարապատի լազուր երկնքում՝ հպարտանալով կերտած անկախությամբ: Մերթ գնում է Բեռլին, վերևից հետևում, թե ինչպես են մեր պապերը խրոխտ ու խելակորույս պարում հայկական հաղթական քոչարին: Եվ, վերջապես, սրատես թռչունը գտնում է իր հանգրվանը հայոց արծվանիստ բերդաքաղաք Շուշիում: Գալիս և վկա է դառնում, թե ինչպես են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում մեր հայրերը պարում այն նույն քոչարին, որը պարել էին իրենց պապերը, ապուպապերը:
    Այո՜, պարեցի՜ն… Քչերն էին հավատում անհասանելի թվացող ու թշնամու կողմից գերված այդ ժայռե հսկայի ազատագրմանը, բայց, ազատվե՜ց, ու երկինք ու երկիր դղրդացին մեր հերոսների ուժգին ոտնազարկերից: Էլ որտե՞ղ կարեղ էինք հանդիպել այդպիսի ոգևորության, էլ որտե՞ղ կարող էին մարդկային հույզերն ունենալ այդպիսի վեհ պոռթկում: Վստահ եմ՝ ոչ մի ուրիշ տեղ: Դարերով հային է տրված այդ անիրական զգացողությունն ունենալու աստվածային շնորհը:
    Ու դա եղավ վարդաբույր մայիսին: Չգիտեմ՝ Աստծո նախախնամությունն է, թե երջանիկ պատահականությունը, որ մեկտեղվեցին մեր հաղթանակները: Հաղթել էին մեր պապերը, հաղթեցին մեր հայրերը, հաղթելու են և՛ մեր եղբայրները, և՛ մեր որդիները: Հաղթանակը մեր գենի մեջ է, իսկ, ինչպես գիտենք, այն, ինչ ժառանգական է, ջնջել չի լինի: Դե՛, ուրեմն, տոկա՛ իմ Արցախ, ծաղկիր իմ Շուշի…

Լուսինե Օհանջանյան,
Հայոց լեզու և գրականություն, 2-րդ կուրս