Մայիսի 13-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են հեռավար ուսուցման, առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման, հեռակա ուսուցման համակարգի պարապմունքների անցկացման, բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների անցկացման մասին հարցերը և կայացվել որոշումներ:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հեռավար ուսուցման ընթացքին:
Ֆակուլտետների դեկանների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների տեղեկատվության համաձայն պարապմունքներն ընթանում են կազմակերպված, ըստ գործող դասացուցակի:
Օրակարգի հաջորդ հարցով ռեկտորատը քննարկել է առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման մասին հարցը:
Առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցումը ևս ընթանում է հեռավար եղանակով, որոշ ուսանողական խմբերում արդեն ավարտվել է փորձուսուցումը:
Որոշվել է առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի ուսանողական խմբերի փորձուսուցումն ավարտել մինչև հունիսի 1-ը և գնահատել ստուգված/չստուգված եղանակով` առանց գնահատականների:
Օրակարգի մյուս հարցը ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների անցկացման վերաբերյալ էր: Որոշում է կայացվել առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումներն ու լուծարքը կազմակերպել մայիսի 18-25-ը` հեռավար եղանակով:
Դեկաններին հանձնարարվել է հանդիպումներ անցկացնել ամբիոնների վարիչների, տեսուչների և դասախոսների հետ` կիսամյակային ստուգումներն ու լուծարքը հեռավար եղանակով անցկացնելու վերաբերյալ:
Հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասընթացների մասին տեղեկատվություն է ներկայացրել ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Որոշում է կայացվել 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասընթացները կազմակերպել ս.թ. հունիսի 1-ից 20-նն ընկած ժամանակահատվածում, հեռավար եղանակով:
Դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվել է կազմել և ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասացուցակները:
Այլ հարցերում հաշվապահական հաշվառման բաժնի պետ Ն. Գրիգորյանը, ըստ ֆակուլտետների, ներկայացրել է ուսման վճարների պարտք ունեցող ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն:
Որոշվել է ուսման վճարների պարտք ունեցող ուսանողներին չթույլատրել մասնակցել կիսամյակային ստուգումներին: