ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ուղիղ եթերում պատասխանել է ուսանողների հարցերին

19.05

2020

19.05.2020Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսել է երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին և պատասխանել ուսանողներին հետարքրող հարցերին:

Նա հատկապես ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կհասցվի ավարտին: Այդ նպատակին են միտված եղել բազմաթիվ ձեռնարկումները, նոր որոշումների կայացումը, որի արդյունքում ապրիլի 6-ից բուհը անցել է հեռավար ուսուցման, և բնականոն, գործող դասացուցակներին համապատասխան իրականացվում են պարապմունքները:

ԱրՊՀ ռեկտորը առցանց ասուլիսին անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այս ժամանակահատվածում ամենաշատն են հետաքրքրում ուսանողներին:

Այսպես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռավար ուսուցման ընթացքում լինում են համացանցի և էլեկտրաէներգիայի խափանումներ, բոլոր ուսանողներին հաճախումների համար կնշանակվի առավելագույն 2 միավոր, անկախ նրանից, թե տվյալ ուսանողը դասընթացին ամբողջությամբ է մասնակցել թե ոչ: Բացի դրանից, բոլոր ստուգումները անցկացնելիս յուրաքանչյուր դասախոս ինքն է ընտրելու քննության անցկացման ձևը:

Ուսանողների կողմից բարձրացված մեկ այլ հարց վերաբերում էր կուրսային և ավարտական աշխատանքների, ինչպես նաև մագիստրոսական թեզերի պաշտպանությանը: Ա. Սարգսյանը լիահույս է, որ հունիսի 11-ից հետո Արցախում արտակարգ իրավիճակը կվերանա, և ստուգումները կանցկացվեն լսարանային պայմաններում, սակայն, իրավիճակից ելնելով, չի բացառվոմ նաև հեռավար տարբերակը:

Հաջորդ հարցը վերաբերում էր հասարակական ակտիվության գնահատմանը: Հաշվի առնելով, որ երկրորդ կիսամյակում հասարակական ակտիվություն դրսևորելու հնարավորություն ուսանողները չեն ունեցել, Ա. Սարգսյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար հասարակական ակտիվությունը հաշվի չի առնվի:

Ուսանողների կողմից բարձրացված հարցերից էր նաև ուսանողական հանրակացարանի վարձերի փոխհատուցումը, որը կատարվում է նախօրոք: Ռեկտորը հայտնել է, որ հանրակացարանում բնակվում են ոչ միայն ԱրՊՀ, այլև հանրապետության այլ ուսումնական հաստատություններից ուսանողներ:

«Բոլոր այն ուսանողները ովքեր փաստացի այս ամիսների ընթացքում բնակվել են հանրակացարանում, նրանք կվճարեն բնակվարձի համար: Իսկ այն ուսանողները, ովքեր չեն բնակվել, այդ գումարները կվերադարձվեն նրանց կամ էլ, իրենց իսկ համաձայնությամբ, կփոխանցվեն հաջորդ ուսումնական տարվա վարձավճարային ֆոնդին: Այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են որոշակի աշխատանքներ»,- տեղեկացրել է Ա. Սարգսյանը:

Ասուլիսի վերջում Ա. Սարգսյանը նշել է, որ մայր բուհում ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կհասցվի ավարտին և նույն կերպ աշխատանքներ կտարվեն հաջորդ ուսումնական տարում ուսումնական գործընթացը մեկնարկելու համար:

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/354610581542094/videos/1398256510362167/