Այսօր` Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Այն հայ երիտասարդները որոշել են նշել հիշատակի և բողոքի երթերով: Երևանի պետական համալսարանի ″Երիտասարդ համալսարանականների միավորում″ հասարակական կազմակերպությունը Երևանում երթ է կազմակերպել դեպի Եռաբլուր: Երթի մասնակիցները Եռաբլուրի եկեղեցի են այցելել, ապա Գուրգեն Մարգարյանի շիրիմին ծաղիկներ դրել:
Միջոցառումներ են տեղի ունեցել նաև Արցախում: ″Կամք″ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր հետկեսօրին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու մոտ էին հավաքվել Արցախի երիտասարդական կազմակերպությունների անդամները, տարբեր բուհերի ուսանողներ` դասախոսների հետ, ավագ դասարանների աշակերտները ուսուցիչների հետ: Երիտասարդական ակցիան արժանացել էր Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարութայն աջակցությանը: Քայլերթը նվիրված էր Գուգեն Մարգարյանի հիշատակին, ում ծննդյան 34-րդ տարեդարձը երիտասարդությունը որոշել էր նշել, բողոքելով Ադրբեջան -Հունգարիա գործարքի, մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և այդ կապակցությամբ միջազգային հանրության վերաբերմունքի դեմ: Այսօր Սբ. Հակոբ եկեղեցում Գուրգեն Մարգարյանի հիշատակին հոգեհանգստյան արարողություն է կատարվել, որից հետո երիտասարդները դատապարտող կարգախոսներով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր: Հուշահամալիրի մոտ ադրբեջանի դրոշն են այրել, ծաղիկներ են խոնարհել Սումգայիթյան զոհերի հիշատակին: