Մի փոքր լույս

22.05

2020

99131935 528353174499880 1551004027360116736 n-Իսկ մթության մեջ պատկերներ երևո՞ւմ են:

-Պատկերները, երևի թե, միայն մթությանն են ընկեր:

-Իսկ ինչպե՞ս պատկերացնեմ, մայրի´կ:

- Զգա, որ դու մենակ ես մթության մեջ, փակիր աչքերդ ու մոռացիր իմ այստեղ լինելու մասին ...

Դադար...խորը շունչ ու դողացող ձայն...

-Անտանելի է, մայրի´կ, մթությունը, քո` իմ կողքին չլինելը,  ես մեր արևն եմ ուզում:

- Արևից չե՞ս հոգնի:

- Չէ, մայրի´կ, արևը մեզ համար բացում է իրականությունը, նրա շնորհիվ տեսնում ենք ծառը, ծաղիկը... քեզ:

- Իսկ նրանք, ովքեր չկան իրականում, ինչպես ծառն ու ծաղիկը, ինչպես ես...մեզ տեսանելի են դառնում մթության մեջ:

- Մայրիկ, դու սիրո՞ւմ ես մթությունը:

-Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես:

-Իհարկե, չէ՞ որ ես քո զավակն եմ, մենք հարազատներ ենք:

-Աղջիկս, նրանք, ում զավակն եմ ես, ովքեր իմ հարազատներն են, այնտեղ են, մթության մեջ, ես նրանց միայն այնտեղ կարող եմ տեսնել...

Հռհռոցն անշուշտ իր լիցքը չէր ունենա, եթե չբավարարվեր ատամնաշարի նեղ շերտի բացվածքով: Լայն, թե նեղ, շատ, թե քիչ, հռհռոցն ու ծիծաղը լիցք կունենան: Իսկ ինչպես վարվել ցավի հետ:

Անհասանելիից հասանելի միշտ չէ, որ մի քայլ է ...մենք ապրում ենք արևի ջերմության, կապույտ երկնքի ներքո` մեր հոգու սևում ունենալով այդ բոլոր գույներից:

Քայլում ենք, վստահ ու նոր ուժով, հավատում, որ մեր քայլերը կհասնեն մեր երազած կանգառին, բայց երբեք չենք մոռանում, որ քայլեր են սառել ու մնացել կանգնած, երբեք չենք մոռանում, որ այդ սառած կանգառում մի րոպե դադար է պետք, մի պահ հիշել է պետք կանգառի վերջին ուղևորներին, մի փունջ ուշադրություն թողնել է պետք սառած քայլերին:

Այբբենարանում մեր տառերը գունազարդում են, տարբեր երանգներով ու նախշերով գրավում մեզ, որ սերտենք այն: Ավելի հասուն տարիքում սպիտակի վրա իրար հետևից շարված սև տառերը մեզ մեծ բավականություն են տալիս, եթե այդ տողերում գտնում ենք մեզ հոգեհարազատ, կամ գոնե` հասկանալի մտքեր:

Անտանելի է , որ երբեմն մեր գունազարդ էջերը սերտելու ժամանակ նույն այբբենարանի մեջ բացվում են սպիտակի վրա շարադրված սև տողեր: Ավելի անտանելի է, երբ գիտակցում ես նրանց չերազած հոգեհարազատության և ցավաբեր հասկանալիի մասին, ու որ այդ տողերը դու ստիպված ես սերտել ոչ թե նրա համար, որ տառերը գունազարդել են քեզ գրավելու համար, այլ նրա, որ քո կյանքն է այդպես ստիպում:

Ստիպում են , պարտադրում, որ համարվես, ապրես գունազարդ տառերով, բայց երբեք չմոռանաս քո ստանդարտ տառաչափի մասին: Ստիպում են , ինչպես ստիպել են մեզ մթությունից վախենալ, վախենալ մթության մեջ անկանոն շարժումների հետևանքներից, անտեսանելիի վտանգից: Վախենում են անկանոնից` իրենք իսկ խախտելով բոլոր կարելի կանոնները...

Ու միակը, որը կարող ենք համարել չգրված կանոնի խախտում, դա այն է, որ երբեք չենք վախենում   մեր հոգու մթությունից:

Հիշողության պաստառներից նուրբ, առանց պատառոտելու, դրվագներ ենք հանում ու կցում մեր ներկային, հարթեցնում, մոտեցնում, դարձնում մի ժապավեն ...

- Մայրիկ, իսկ քո մթության մեջ ինձ պատկերացնո՞ւմ ես:

- Պատկերացնելը ցավոտ է աղջիկս, ես քեզ տեսնում եմ թե մթության և թե լույսի ներքո...

Մի կես վայրկյան էլ ...

Եթե հնարավորություն լիներ փրկել աշխարհը, առաջինը կմտածեի` կոնկրետ ինչի՞ց։ Եթե հասկանայի խնդիրը, նախ կստուգեի իմ ու աշխարհի աշխարհընկալման աստիճանները:

Տարբեր թելերից ստեղծված կծիկում դժվար է գտնել կծիկը քանդող թելի կտորը,մանավանդ երբ այն գրեթե անգույն է ու աներևակայելի երկար, կամ դժվար է համեմատել աստիճաններ, երբ դրանց հեռավորությունն այնքան երկար է , որ չափման միավորները ջղաձգվել կցանկանան: Բայց խոստովանենք, դրանք չնչին են սրա դեմ` ես ինչպե՞ս փրկվեմ, որ փրկեմ աշխարհը... պատկերացնել կհաջողվի, փրկվել` հնարավոր է...

Երբ ստիպված լինես կիսել քո վերջին պատառը, միգուցե հասկանաս կուշտ լինելու գինը: Կուշտ կամ սոված, միևնույն է անխուսափելի է առնվազն մեկ անգամ ևս նման իրավիճակի մեջ հայտնվելը, տարբերությամբ` դու չես բողոքի քո կուշտ լինելուց: Ուրիշ է պատկերը, երբ կիսում ես այդ պահի քո վերջին վայրկյանը: Քեզ հավերժ չմարվող պարտք կմնան կես վայրկյան:

Սոված ստամոքսը լցվում է հետզհետե, մի կես վայրկյան էլ, և դու կշտացար, աշխարհի կծիկը շփոթված թելերի անկանոն հյուսից ազատվում է հատ-հատ, նույն վայրկյանի մյուս կեսը` և աշխարհը փրկված է: Դու` հասարակ` սեփական եսի և դառը սև սուրճի սիրահարից կես վայրկայնում կարող ես դառնալ աշխարհի փրկիչ (աշխարհի, որի մի կեսը քո պես սիրում է իր սեփական եսը, իսկ մյուսը` սուրճ, բայց ոչ այնքան դառը, որքան դու )։ Բայց դա կախված է նրանից, թե երբ կվերադարձնեն քեզնից պարտք վերցրած քո կես վայրկյանը, կամ նրանից, թե քանի բաժանում ես տվել քո վայրկյանին: Մեր ապագան վստահում ենք աշխարհի կծկված թելերի բազմերանգության տարրերով հագած, երկարափեշ ու ինքնավստահ տիկնոջը, որպես գործիք էլ տալիս մեր դառը սև սուրճի խտացած ու մուգ նստվածքը, ու բողոքում, երբ այդ նստվածքը չի պատկերում մեր ուզած տառն ու մեր սիրած կենդանին: Հաստատ չէիր ցանկանա մի սուրճի բաժակի չափ ապագայում ապրեիր,որը կունենար չոր խտություն և մուգ երանգներ:

Մենք մեր պատկերացումները հյուսում ենք ուրիշների թելերի հաշվին` արդյունքում ունենալով բազմերանգ ու խճճված կծիկ` միագույն ու միաձև հյուսի փոխարեն: Երբեմն մեր հյուսը տալով ուրիշին ստանում ենք նույնի քանդվածը, երբեմն էլ մենք ենք քանդում մեկի հյուսը: Ուրիշի վայրկյանի հաշվին երբեք չկլորացնես քո կիսատ վայրկայնը.հավերժ պարտք կմնաս։

Պարզապես սիրիր քեզ կես վայրկյան ավել...

Նոնա Աբրահամյան, «Լրագրություն», 3-րդ կուրս

Обновлено 22.05.2020 09:25