Արցախի պետական համալսարան

Հուլիսի 2-ին ԱրՊՀ նախաձեռնությամբ կայացել է «Բարձրագույն կրթություն: Մարտահրավերներ և լավարկման ուղիներ» խորագրով վեբինար-քննարկում, որին մասնակցում էին ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատուներ, ուսանողներ:

Ողջունելով վեբինարի մասնակիցներին և նախաձեռնությունը` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ ԿԳՄ նախարարին` առաջարկն ընդունելու և ուսանողների հետ առցանց հանդիպմանը ներկայանալու համար:

Ռեկտորը համառոտ ներկայացրել է երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում բուհի կողմից իրականացված աշխատանքները, ընթացքում ի հայտ եկած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու անելիքները:

Վեբինար-քննարկման ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱՀ ԿԳՄ նախարարին, որոնք վերաբերում էին բարձրագույն կրթության ոլորտին, մասնավորապես` անվճար կրթությանը, դրա ազդեցությանը ուսման որակին, դասախոսությունների անցկացման ձևաչափին, փորձուսուցմանը, շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդրին, արտասահմանյան բուհերի հետ համագործակցությանը և այլ հարակից հարցերի:

Նախարար Լ. Ղարախանյանը համառոտ ներկայացրել է ԱՀ Կառավարության քաղաքականությունը բարձրագույն կրթության ոլորտում և  ոլորտի զարգացման տեսլականը: Պատասխանելով հնչած հարցերին` նախարարը  շնորհակալություն է հայտնել վեբինարի կազմակերպման և հրատապ հարցեր հնչեցնելու համար:

Նրա խոսքով` կրթության ոլորտում բարեփոխումների մեկնարկը տրված է արդեն, և արդյունավետ ու համատեղ աշխատանքի արդյունքում կլուծվեն ոլորտում առկա խնդիրները:

«Աշխարհը փոխվել է արդեն: Ակադեմիական ազատություն ասվածը վերաբերում է նաև ուսանողներին: Եթե կա դասախոս, որը չի բավարարում ուսանողների գիտական հետաքրքրություններին, ապա պետք է հրաժարվել նման դասախոսից»,-նշել է նա:

Խոսելով ուսանողների գիտական ներուժի զարգացման մասին` նախարարը նշել է, որ մենք կարող ենք մեր երկիրը ճանաչելի դարձնել նաև գիտական հանրույթում` գիտական հոդվածներ տպագրելով նաև միջազգային վարկանիշ ունեցող ամսագրերում:

«Ապագան պատկանում է գաղափարական, բարձր անձնային հասունություն, ինտելեկտուալ, ստրատեգիական մտածողություն ունեցող երիտասարդներին: ԿԳՄ նախարարությունը պատրաստ է լսելու և ընդունելու նման երիտասարդների առաջարկությունները»,-ասել է նախարարը` հավելելով, որ նախատեսվում է գիտության դաշտում ընդլայնել համագործակցության շրջանակները, որպեսզի երիտասարդները կարողանան ընդգրկվել դրամաշնորհային տարբեր ծրագրերում:

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել վեբինար-քննարկման մասնակիցներին` կարևորելով նման քննարկումների նշանակությունը և ընդգծելով դրանց  պարբերական դարձնելու անհրաժեշտությունը: