Արցախի պետական համալսարան

Հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Կարեն Աղաբեկյանը ԱրՊՀ-ում հանդիպել է «Իրավագիտություն» մասնագիտության մի խումբ շրջանավարտների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ դատախազության կադրային ռեզերվ ստեղծելը և ՀՀ դատախազության համակարգում աշխատանք առաջարկելը:

Կ. Աղաբեկյանն ուսանողներին ներկայացրել է ՀՀ դատախազության համակարգում աշխատանքի ընդունվելու կարգը, պայմանները: «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կամ  մագիստրոսի աստիճան ունեցող այն շրջանավարտները, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ՀՀ զինվորական դատախազության համակարգում, անհրաժեշտ կրթական, մասնագիտական, աշխատանքային փորձառությանը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող և մյուս սահմանված պահանջներին բավարարելու դեպքում կարող են աշխատել Արցախի Հանրապետությունում տեղակայված կայազորային զինվորական դատախազություններում:

«Հանդիպման նախաձեռնողը ՀՀ գլխավոր դատախազն է: Վերջերս Արցախ այցելության ընթացքում ԱրՊՀ ռեկտորի հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի իմ կողմից` որպես ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,  ԱրՊՀ «Իրավագիտություն» մասնագիտությամբ շրջանավարտների հետ կազմակերպվի հանդիպում և ներկայացվի զինվորական դատախազությունում աշխատանքի ընդունվելու կարգը»,-նշել է Կ. Աղաբեկյանը:

Կ. Աղաբեկյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

ՀՀ դատախազության համակարգում աշխատանքի ընդունվելու կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ www.prosecutor.am կայքում` այստեղ: