Արցախի պետական համալսարան

Օգոստոսի 17-ից ԱրՊՀ-ում մեկնարկել է աշխատաժողով, որը վարում է ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը: Աշխատաժողովին մասնակցում էին համալսարանի պրոռեկտորներ, ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության կազմակերպման գործընթացի պատասխանատուներ:

Ներդրվող էլեկտրոնային ուսուցման նոր հարթակը հնարավորություն կտա ուսուցման ավանդական ձևը համադրել առցանց եղանակին` նպաստելով ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Ա. Սարգսյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է “Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածը, առանձնահատկությունները, գործիքակազմը, առավելությունները, որոնք հաջողությամբ գործարկելու դեպքում, նրա խոսքով, նոր հնարավորություններ կբացվեն էլեկտրոնային ուսուցման ոլորտում:

Բանախոսը նշել է, որ Արցախի պետական համալսարանն արդեն բավականին աշխատանքներ է իրականացրել առցանց ուսուցման հարթակի ներդրման ուղղությամբ:

«Արցախի պետական համալսարանը Google-ի հետ արդեն կնքել է պայմանագիր և ստացել լիցենզիա` կիրառելու Google-ի կրթական համակարգը, որն ունի բոլոր հավելվածները և հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են ուսումնական գործընթացն առցանց տեղափոխելու համար: Սա բոլորովի չի շանակում, որ ամբողջ գործընթացը լինելու է առցանց, այլ ստեղծվում է հնարավորություն` ավանդական լսարանային պարապմունքները համակցելու էլեկտրոնային հարթակին»,-նշել է բանախոսը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Անուշ Սարգսյանը ԱրՊՀ-ում անց է կացնելու աշխատաժողովներ ֆակուլտետների պատասխանատուների, ամբիոնների վարիչների, աշխատակիցների մասնակցությամբ` էլեկտրոնային ուսուցման հարթակի ներդրման ուղղությամբ գործնական հմտություններ և կարողություններ փոխանցելու, ամրապնդելու նպատակով:  

«Առաջին անգամ եմ Արցախում, Արցախի պետական համալսարանում, տպավորված եմ Արցախով: Էլեկտրոնային ուսուցման հարթակը ԱրՊՀ-ում ներդնելու ուղղությամբ պատրաստ եմ համալսարանին աջակցել ոչ միայն այս մեկ շաբաթվա ընթացքում, այլ նաև հետո` մինչև ամբողջությամբ և լիարժեքորեն այն գործարկվելը»,-նշել է ՀՊՄՀ  կրթության կառավարման բաժնի պետը:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին և    ՀՀ Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանին` արդյունավետ համագործակցության համար: