Արցախի պետական համալսարան

Օգոստոսի  31-ին  տեղի  է  ունեցել  ԱրՊՀ   գիտխորհրդի  նիստ, որի  ընթացքում  քննարկվել  և  հաստատվել  են ուսումնական  գործընթացին  վերաբերող  մի  շարք  հարցեր, տպագրության երաշխավորվել ուսումնամեթոդական  ձեռնարկներ, կազմակերպվել պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի   արդյունքների հաստատման նպատակով քվեարկություն:

2020-2021 ուստարվա ուսումնական գործընթացի մեկնարկի հետ  կապված՝  ԱրՊՀ-ում  պարապմունքների հոսքային  խմբերում  դիմակ  կրելը  կլինի  ցանկալի, փոքր  խմբերում՝ ոչ  պարտադիր: Հակահամաճարակային  մյուս  կանոնների  պահպանման  մասին  առաջիկայում  կլինեն  նոր  իրազեկումներ: Ուսումնական  գործընթացը  առաջին  կուրսեցիների  համար  կմեկնարկի  սեպտեմբերի  1-ից, 2-րդ, 3-րդ, 4-րդ  կուրսեցիների  համար`  սեպտեմբերի  7-ից, մագիստրատուրայի  ուսանողները  ևս  սեպտեմբերի  7-ից  կհաճախեն դասընթացների, որից  հետո  կանցնեն  հեռավար  ուսուցման:

Բնասիրական  ֆակուլտետի  դեկան  Լ. Մարգարյանը  մշակել  է  «Հեռավար  ուսուցման  համակարգի  ներդրման  հայեցակարգը»  և այդ  հիմքում   մշակված հեռավար  ուսուցման  կարգը: Ներկայումս  կազմվում  են  դրանից բխող դասախոսների  և  ուսանողների  ուղեցույցները: Նրա  խոսքով`  հեռավար  ուսուցման  կարգի  մշակումը  անհրաժեշտություն  էր  և, առանցքային  դարձնելով  փորձի  արդյունքում  ձեռք  բերած  ճանաչողությունը,  էլեկտրոնային  հարթակի  ներդրման  աշխատանքներին  զուգահեռ մշակվել  է  հայեցակարգը: Գործողությունների  իրավական  հիմքով  ամրագրումը  կապահովի  հայեցակարգի  հաստատումը:

ԱրՊՀ էլեկտրոնային ուսուցման նոր հարթակի ներդրման մասին  տեղեկատվություն է ներկայացրել որակի ապահովման բաժնի վարիչ  Շ.  Սաղյանը` նշելով, որ  առցանց  համակարգի  ներդրման  առկա  աշխատանքներում   լուծելի  խնդիրներից  են  աշխատող  ուսանողների   արդյունավետ  ներգրավումը  ուսումնական  գործընթացում, ավանդական  կամ  լսարանային  դասավանդման արդիականացումը  և  բարելավումը, արտակարգ   իրավիճակում  կրթության  անընդհատության  ապահովումը: Այդ  ուղղությամբ  տարվող  աշխատանքները  փուլային  են: Արդյունքում  համալսարանն  ունի էլեկտրոնային  կրթական   հարթակ, էլեկտրոնային  կրթական  համակարգի  առաջնային  օգտատերեր,  որոնց  վերապահվել  են  նախապես  սահմանված  գործառույթներ.

«Համակարգը  ենթակա  է  համալրման, գործառույթներն  իրականացվում  են  պատշաճ  մակարդակով  և  ըստ  ժամանակացույցի: Նախատեսվում  է  պրոֆեսորադասախոսական  կազմի  երկրորդ  վերապատրաստում: Պլանային է  նաև   ուսանողների  վերապատրաստման  ժամանակացույցի  հավաքագրումը  և  վերհանված  խնդիրների  քննարկումը»,-  ասել  է  որակի ապահովման բաժնի վարիչ  Շ.  Սաղյանը:

Օրակարգի հաջորդ հարցով ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը  տեղեկատվություն է ներկայացրել  2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակում հեռավար ուսուցման  արդյունքների  մասին:

Գիտխորհուրդը հաստատել է բակալավրիատի առկա /2020-2024 ուսումնական տարվա/ և հեռակա /2020-2025 ուսումնական տարվա/ ուսուցման համակարգերի և մագիստրատուրայի առկա /2020-2022 ուսումնական տարվա/ ուսուցման համակարգի ուսումնական պլանները, 2020-2021 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի և փորձուսուցման ժամանակացույցի մասին  նախագծերը:

Նիստի ընթացքում ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի   արդյունքների հաստատման նպատակով կազմակերպվել է նաև փակ գաղտնի քվեարկություն: