Արցախի պետական համալսարան

2020-2021 ուսումնական տարում ԱրՊՀ բակալավրիատ է ընդունվել 523 ուսանող, որից 413-ը` առկա, 110-ը` հեռակա ուսուցման համակարգ: Ձևավորված ամենամեծ խմբերը համապատասխանաբար «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Ֆիզդաստիարակություն և սպրոտ», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություններից են, իսկ «Քիմիա» մասնագիտության 1-ին կուրսը կգործի մեկ ուսանողով:

Արցախի  պետական  համալսարանում  այսօր  տոնական  տրամադրություն  էր տիրում: Վաղ  առավոտից  մայր  բուհը  դիմավորել  է  առաջին  կուրսեցիներին:  Ուսանողական  խորհրդի  ներակայացուցիչները  կազմակերպել  են  դիմավորման  և  իրազեկման աշխատանքները, ուսանողներին  ուղեկցել  լսարաններ, ծանոթացրել  դասացուցակներին, որից  հետո  նրանց  հետ  հանդիպում  են  ունեցել  ֆակուլտետների  դեկանները  և  կուրսղեկները:

Բարձր  առաջադիմությամբ  ընդունված   առաջին  կուրսեցիները  հանդիպում  են  ունեցել  համալսարանի  ռեկտորի  և  պրոռեկտորների  հետ: Ռեկտոր Ա. Սարգսյանը ողջունել  է բոլոր  առաջին  կուրսեցիներին, շնորհավորել  Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նա  նշել  է,  որ  նոր  ուսումնական  տարում  համալսարանում  ուսուցումը բակալավրիատի ուսանողների համար կլինի  կենդանի՝ ոչ   հեռավար:

«Ոչ  ոք  երաշխավորված  չէ  համավարակի  նոր  թափից,  և  մենք,  հարկ  եղած  դեպքում,  պետք է կարողանանք  կարճ  ժամանակահատվածում անցնել  հեռավար  ուսուցման: Բոլորին հորդորում  եմ  ակտիվ  մասնակցել  այդ  ուղղությամբ  տարվող  գործընթացներին՝  ստեղծված  իրավիճակը  փառքով  հաղթահարելու  համար»,- նշել  է ռեկտոր  Ա. Սարգսյանը՝  հավելելով, որ  համալսարանը  ներկայումս  գտնվում է  հավատարմագրման  գործընթացում  և  այն  հաղթահարելուց  հետո  դառնալու  է  միջազգային  բուհական  համակարգի  լիարժեք  անդամ: Ուսանողները  իրազեկվել  են  նաև  հեռավար  ուսուցման  նոր  հարթակի  ներդրման, կրեդիտային  համակարգի, վարձավճարի  փոխհատուցման  և  զեղչային  համակարգի  մասին:

Ուսանողների  հետ  տարվող  աշխատանքների   գծով  պրոռեկտոր  Վ. Յարամիշյանը  հորդորել է  առաջին  կուրսեցիներին  հնարավորինս  ակտիվ  լինել և  ներգրավվել առաջիկայում  նախատեսվող  ուսումնական, գիտական, ինտելեկտուալ  և  մշակութային  միջոցառումներում:

«Կառավարում» մասնագիտության  առաջին  կուրս  ընդունված   ուսանող  Վահե  Ասրյանը  կիսվել  է  իր  առաջին  տպավորությամբ  և  նշել. «Ուրախ  եմ, որ հենց Արցախի  մայր  բուհի  ուսանողն  եմ  և  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  համալսարանի  ամբողջ  անձնակազմին  այսպիսի  ընդունելության  համար: Առաջին  կուրսեցիներին  մաղթում  եմ հաջողություններ  ուսման  բնագավառում,   աշխատասիրություն  և  նպատակասլացություն, որպեսզի  կարողանանք  մեր ընտրած  մասնագիտությունը  արժանվույնս  ծառայեցնել   մեր  հանրապետությանը»:

«Լրագրություն»  մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանողուհի  Անի   Աբաղյանը  շնորհավորել  է   բոլոր    ուսանողներին՝ մաղթելով    ակտիվ  և  բեղուն  ուսանողական  տարիներ:

Առաջիկայում համապատասխան  ստորաբաժանումների  ներկայացուցիչները ըստ  ֆակուլտետների  հանդիպումներ  կունենան  ուսանողության  հետ  և  կկատարեն  իրազեկման  ակտիվ  աշխատանքներ: