Արցախի պետական համալսարան

Այսօր   Արցախի  պետական  համալսարանում    կազմակերպվել  է հանդիպում բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական  գիտությունների  դոկտոր  Սլավի-Ավիկ  Հարությունյանի  հետ: Հանդիպմանը  ներկա  էին  համալսարանի  ռեկտորը, դասախոսներ  և  ուսանողներ:

«Սլավի-Ավիկ  Հարությունյանը  դեռևս  ուսանողական  տարիներից  առանձնանում  էր  և  այն  եզակի  ուսանողներից  էր, ով  այդ  տարիներին  հրատարակել  է իր  առաջին  բանաստեղծությունների  ժողովածուն, որը  մեծ  արձագանք  է  գտել  ինչպես  Արցախում,  այնպես  էլ  Հայաստանում   և  նրա  սահմաններից  դուրս»,- նշել  է  ռեկտոր Ա. Սարգսյանը` հավելելով, որ  հատկանշական  է  նաև  այն  հանգամանքը, որ  նրա  բանաստեղծությունները   ներառվելու   են   հանրակրթական  դպրոցական  գրականության  ծրագրերում:

Հանդիպմանը ելույթներով  հանդես  են  եկել  բ .գ. դ. , պրոֆեսոր  Ս. Խանյանը, բ.գ.թ.,  դոցենտ  Զ. Սառաջյանը, բ.գ.թ.  Տ. Սողոմոնյանը, մի  խումբ  ուսանաղներ  էլ  ասմունքել են բանաստեղծի ստեղծագործություններից:

Սլավի- Ավիկ  Հարությունյանը  նշել է, որ,  ապրելով  Արցախից  դուրս, ոչնչով  չի  տարբերվում  տեղացիներից  և  իր  մեջ    կրում  է  Արցախից  մի  մասնիկ: Նա  իր  ընթերցողներին  խորհուրդ  է  տալիս  դուրս  գալ  սեփական  փակ  մշակույթից  և  չվախենալ  օվկիանոս  թափվելուց, քանի  որ  թափվելուց  հետո  միայն  կհասկանան, որ  այդ  օվկիանոսը  հենց  իրենք  եք:

Սլավի-Ավիկ Հարությունյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 19 -ին Լեռնային Ղարաբաղի Չլդրան գյուղում: 1982 թ. ավարտել է Չլդրանի միջնակարգ դպրոցը ու նույն թվականին ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (այժմ Արցախի պետական համալսարան), 1983 թ. ուսումը կիսատ է թողել և մեկնել Խորհրդային բանակ, 1983-1985 թթ. ծառայել է Սիբիրում,1985-1988 թթ. շարունակել է ուսումը Ստեփանակերտում, 1988 թ. վերջին կուրսում սկսել է աշխատել ԼՂԻՄ-ի նոր բացված հեռուստատեսությունում։ Տարբեր տարիների եղել է թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, 1988 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ (այժմ ՀԳՄ և Ռուսաստանի ԳՄ անդամ), 1990 թ. միաժամանակ եղել է «Արցախյան շաբաթ» թերթի հիմնադիր-խմբագիրը, 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ ՆԳ «02» ծառայությունում, 1995-1997 թթ. սովորել և ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի կինոսցենարական ֆակուլտետը,

1997-2000 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Մշակույթի և պետական արվեստների համալսարանի ասպիրանտուրան:

Պաշտպանել է թեկնածուական թեզ («Գրական երկերի էկրանավորումը որպես արվեստների փոխհարաբերությունների յուրահատուկ ձև» թեմայով) և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005-2015 թթ. եղել է «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերը։ 2005-2007 թթ. աշխատանքին համատեղ սովորել է Մոսկվայի Մշակույթի և արվեստների պետական համալսարանի դոկտորանտուրայում, 2007 թ. «Արվեստի նշանագիտական սահմանները» թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, երեք մենագրության, մասնակցել է ավելի քան մեկ տասնյակ ֆիլմերի արտադրության՝ հայերեն, ռուսերեն, իսպաներեն, կատալերեն լեզուներով՝ այդ թվում Դ. Սելինջերի հանրահայտ «Եվ այդ շուրթերը, և այդ կանաչ աչքերը» պատմվածքի էկրանահանման պրոդյուսերն է։

 Նրա բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են տարբեր լեզուներով ինչպես թերթերում, ամսագրերում, այնպես էլ առանձին գրքերով։ Հայերենից ու ռուսերենից բացի նրա գրքերը տպագրվել են իսպաներեն։

COVID-19- դեմ համաշխարհային պայքարը նշանավորվել է նաեւ Մեքսիկայում լույս տեսած «Մենք կղզի չենք» տարեգրքով։ Աշխարհի մի քանի տասնյակ երկրների գրողների ստեղծագործությունների այս ընտրանին եկող ուսումնական տարում ընդգրկվել է Նյու Յորքի համալսարանի բանասիրության եւ լրագրության ֆակուլտետի լրացուցիչ ծրագրում։ Պոեզիայի բաժինը՝ տարեգրքում,տասնմեկ բանաստեղծությամբ բացում է ժամանակակից հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանը։

Բարսելոնայում վերջերս լույս է տեսել նրա  «Խաղաղ օրեր» իսպաներեն-հայերեն երկլեզու գիրքը (200 էջ, Բարսելոնա)։

Ս.-Ա. Հարությունյանը ապրում է Մոսկվայում և Բարսելոնայում: