Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում շարունակվում է «Ճանաչի՛ր  Արցախը»  խորագիրը  կրող  արշավների  ծրագիրը։ Այսօր  մի  խումբ  ուսանողներ  ուղևորվեցին  դեպի  Տնջրի  և  Ամարասի  վանական  համալիր։ Այցելությունը   և՛ ճանաչողական  էր,  և՛   ուսուցողական: Արշավի  հերթական  խմբի  անդամները  ծանոթացան  Արցախի  պատմամշակութային  վայրերին   և   մեծ  համախմբվածությամբ  ու  պատրաստակամությամբ  մաքրեցին  շրջակա տարածքը:

«Աշխարհագրություն»  մասնագիտության  3-րդ  կուրսի  ուսանողուհի  Մարիամ Ասրյանը  կիսվել  է  օրվա  տպավորությամբ  և  նշել,  որ  լավ  մասնագետ  դառնալու  ամենամեծ  նախադրյալներից  մեկը  հայրենաճանաչողությունն է, և ուսանողների  այս  մեծ  ու կարևոր  պահանջմունքը  բավարարելու  համար  արշավների  կազմակերպումը  հիանալի  միջոց  է:

«Այսօր  ԱրՊՀ  ուսանողության  հետ  նորովի  բացահայտեցինք  մեր  պատմական  հզոր  հիմքերն  Ամարասում: Անհավանական   զգացողությունների  տեղատարափ  էր,  ևս  մեկ  անգամ  հպարտություն  ապրեցի, որ  հայ եմ, քրիստոնյա  եմ»,-ասել  է  Մ. Ասրյանը:

«Կառավարում»  մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանողուհի  Վիկտորյա  Երեմյանը   իր  երախտագիտությունն  է  հայտնել   ծրագրի  կազմակերպիչներին  և  նշել . «Շնորհակալ  ենք  Արցախը նորովի   բացահայտելու    և  ուսանողությանն   այդ  ծրագրի  մի  մասնիկը  դարձնելու  համար»: