Արցախի պետական համալսարան

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցում էին ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, «Պահեստազորի սպաներ» ՀԿ հիմնադիր-նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Կարմեն Ասլանյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են ԱրՊՀ-ում «Պատիվ ունեմ» ծրագրի և ռազմական ամբիոն ստեղծելուն վերաբերող հարցեր:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով բուհում ռազմական ամբիոն ստեղծելու գաղափարը, ընդգծել է ամբիոնի անհրաժեշտությունը` Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակի տեսանկյունից և նշել, որ ամբիոնը կլինի սպայական կազմը համալրելու լավագույն դարբնոց:

«Պահեստազորի սպաներ» ՀԿ հիմնադիր-նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Կարմեն Ասլանյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, նշել է, որ պահեստազորի սպաները պատրաստ են աջակցելու ծրագրի գործարկմանը, որի ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են իրականացրել:

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բարձր գաղափարախոսություն է, որն ուղիղ կապված է ուսանողների ապագան սպայական ծառայության հետ կապելուն:

«Մենք աշխատելու ենք, որ այդ ապագան լինի գրավիչ, հրապուրիչ, արժանապատիվ, և այն կարող է նաև  կրել սոցիալական բաղադրիչ, բայց այն չպետք է ուսանողներին խրախուսի որպես սոցիալական բաղադրիչ: Սա կարևոր ծրագիր է, որովհետև մեր երկրի ելման կետը անվտանգությունն է»,-ասել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում նախանշվել են ծրագրի գործարկման ուղղությամբ անելիքները: Պատասխանատուների խոսքով` ծրագիրը կմեկնարկի նոր ուսումնական տարվանից: