Արցախի պետական համալսարան

Այսօր  Արցախի  պետական  համալսարանում  կազմակերպվել  է  տնտեսագիտության  ֆակուլտետի  առաջին  կուրսեցիների  երդման  հանդիսավոր  արարողությունը: Երդման  արարողությանը  ներկա  էին  նաև  Ստեփանակերտի  փոխքաղաքապետ  Սուրեն  Թամրազյանը, քաղաքապետարանի   աշխատակազմի  կրթության  և  սպորտի  բաժնի  պետ  Թերեզա  Ղարախանյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից  ներկայացուցիչներ:

Ուսանողներին շնորհավորել և ողջույնի խոսք է ասել ԱրՊՀ  ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր  Վ. Յարամիշյանը՝ նշելով, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունը ավանդույթի ուժ է ստացել:

«Վստահ  եմ, որ ուսումնառության  տարիներին  դուք  ամեն  ինչ  անելու  եք, որպեսզի  շարունակողը  դառնաք  այն  ավանդույթների,  որոնք  ձևավորվել  են  մեր  համալսարանում: Կոչ  եմ  անում, որպեսզի   ջանք  ու  եռանդ  չխնայեք  և  արդարացնեք  այն  վստահությունը, որն  ունի համալսարանի  ղեկավարությունը,    պրոֆեսորադասախոսական  կազմը  և մեր  երկրի  իշխանությունը» ,- նշել  է  Վ. Յարամիշյանը՝ համոզված  լինելով, որ նրանց տված երդումը կյանքի կարևորագույն ճանապարհի անցման ուղենիշ է:

Ուսանողները երդվել են հարուստ գիտելիքներ ձեռքբերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար, վառ պահել հանուն անկախության նահատակված հայորդիների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ
գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, հարգանքի խորին զգացումով համակվել դեպի դասախոսական կազմը` որպես կրթության և գիտության նվիրյալների, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը՝ ԱրՊՀ-ն:

Ուսանողներին  շնորհավորանքի  խոսք  է  ուղղել  նաև  տնտեսագիտության   ֆակուլտետի  դեկան  Ռ. Մանգասարյանը, հորդորելով՝  գիտելիքների  ձեռք  բերման  և  մասնագիտական  կարողությունների  ընդլայնման  ճանապարհին   լինել  հետևողական  և  նախանձախնդիր:

«Ցանկանում  եմ, որպեսզի  խաղաղ  երկնքի  տակ  վայելեք  ուսանող  լինելու  բերկրանքը  և  կարողանաք  միշտ  ճիշտ  գնահատել կյանքի  արժեքները»,- ասել  է  Ռ. Մանգասարյանը:

Միջոցառմանը  առաջին  կուրսեցիները  հանդես  են  եկել  նաև  պարային  համարով  և  ասմունքով,  որից  հետո  նրանք  ստացել  են  ուսանողական տոմսերն  ու  ստուգման գրքույկները:

Միջոցառման  երկրորդ  մասը նվիրված  էր  մայրաքաղաքի  97-րդ  ամյակին, որի  ընթացքում  ցուցադրվել  է  ուսանողների  կողմից  պատրաստված  ֆիլմ  քաղաքի  օրվա  առթիվ: Միջոցառման  ընթացքում  փոխքաղաքապետը  պատասխանել  է ուսանողների   հարցերին,  որոնք  վերաբերում  էին  քաղաքում  առկա    տարբեր  խնդիրների: